«Այս տարի գոտիներս ձգեցինք, շենքի վրա քիչ գումար դրեցինք, և դրանք ուղղեցինք ներկայացուցչական դահլիճների վերանորոգմանը»
Այսօր ԱԺ պետաիրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին բարձրացրեց կառավարության դահլիճների, գույքի վերանորոգման հարցը:
Նա անհասկանալի համարեց, որ աղքատ երկրի դահլիճը ոսկեպատ է, ինչին Դավիթ Հարությանը արձագանքեց. «Իհարկե գեղեցիկ է հնչում՝ ասել ոսկեզօծ դահլիճ, սակայն խոսքը վերաբերում է գույնին, այլ ոչ թե ոսկուն, չի նշանակում, որ ոսկի է փակցրած պատերին»: Նա նշեց, որ Ազգային ժողովում էլ կան ոսկեզօծ դահլիճներ:
Դավիթ Հարությունյանն օրինակ բերեց իր աշխատասենյակը և նշեց, որ այն թեև ճոխ չէ, սակայն քանի որ պիտանի է, շարունակում են օգտագործել, իսկ արարողակարգային հանդիպումների ժամանակ, անհրաժեշտ է դրանք նվազագույն ստանդարտին համապատասխանեցնել:
Նա նշեց, որ այս տարի «գոտիներս ձգեցինք, շենքի վրա քիչ գումար դրեցինք, և դրանք ուղղեցինք ներկայացուցչական դահլիճների վերանորոգմանը»:
