Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. 2 դիմակավորված ճիվաղ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին՝ իրենց հետ տանելով ոսկյա զարդեր ու գումար
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները՝ Հրաչյա և Կատյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այն աստիճանի են զայրացած, որ ստահակները ձեռք են բարձրացրել ամուսինների վրա, ովքեր գյուղում հարգված են, իրենց քրտինքով ապրող ու երբևէ ոչ մեկին վատություն չեն արել: Նրանց տղաներն էլ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ:
