Յուրաքանչյուրն ուներ իր ընտանիքը, իր տունը, իր նպատակներն ու երազանքները. այսօր լրանում է զոհված օդաչուների մահվան մեկ տարին
Այսօր լրանում է ԼՂՀ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի զոհված անձնակազմի ղեկավար, մայոր` 38-ամյա Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և կողային տեխնիկ Սարգիս Նազարյանի մահվան մեկ տարին: Նրանց ահարազատները այցելելու են եռաբլուր: Այսօր Fnews-ը փորձեց զրուցել նրանց հետ:
«Մեծ ցավ է խոսել նրա մասին, անցյալով, չեմ կարող չեմ ուզում, ցավս մեծ է, կարծես երեկ էր այդ ամենը տեղի ունեցել»,-ասաց թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռի 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի ընկերը՝ Վլադիմիր Հարությունյանը: Խոսելով երիտասարդի մասին նշեց, որ ավարտել էր մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, 4 տարի է, ինչ ծառայում էր զինված ուժերում.«Կորուստը մեծ էր, երիտասարդները չպետք է մահանաին, յուրաքնաչյուրն ուներ իր ընտանիքը, իր տունը, իր նպատակներն ու երազանքները: Ցավը երբեք չի մոռացվում, նա մեր ընկերն է, միշտ էլ մեր ընկերը կլինի»,-ասաց Վլադիմիրը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։
