Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, ճակատային մասով հարվածել Daewoo-ին. 4 վիրավորներից 2-ին փրկարարները դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 FO 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ ավազահանքերի մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց ուղեմաս և բախվել Daewoo Nexia մակնիշի 35 DO 641 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին Daewoo-ի միջից դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան դուրս բերել վիրավորներին:
Օպերատիվ է գործել Աբովյանի շտապ օգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ շտապ օգնության մեքենաներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը՝ ծառայողական ավտոմեքենայով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ և ոստիկանության Կոտայքի բաժնի փորձագետ Արթուր Մելքոնյանը:
