Ապարանցի անասնապահը խլել է ոստիկանի զենքը պատանդ վերցրել նրան ու «ջոջերից» պահանջել ազատել կալանավորված «անմեղ եղբորը»
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սևակ Իսպիրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ 30-ամյա Սևակը ունի մտավոր առողջության խնդիրներ, նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Սևակը զբաղվել է անասնապահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում Ապարան-Երևան ջրագծի Քուչակի հատվածի ոստիկանության պահպանության ներքո գտնվող պահակետում ծառայական պարտականությունները կատարող ոստիկան, կոչումով սերժանտ Վ. Գևորգյանի վրա Սևակը դանակով հարձակում է կատարել՝ դանակը սեղմել է ոստիկանի որովայնին ու պահանջել է ատրճանակը, բայց հանդիպել է ոստիկանի դիմադրությամը:
Ապա Սևակը քաշքշուկի մեջ է մտել ոստիկանի հետ, վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ նրա մարմնին հասցնելով հարվածներ, հափշտակել է նրա հաշվեցուցակային «Մակարով» ատրճանակը:
Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Սևակը հրազեն ուղղել է ոստիկանի վրա, իր մոտ եղած պարանով կապել է ոստիկանի ձեռքերը, նրան տեղափոխել է պահակետ, պառկեցրել է հատակին ու այդ կերպ պատանդ է վերցրել նրան:
Որպես պատանդին ազատելու պայման՝ հարձակման ենթարկված ոստիկան Գևորգյանին օգնության հասած ոստիկան Նավասարդյանի միջոցով Սևակը պահանջել է ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությունից, որ կալանքից ազատեն ու իր մոտ բերեն եղբորը, ով կալանքի տակ էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործով:
Սակայն տեսնելով, որ «իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանները շրջապատել են ու կարող են վնասազերծել իրեն», Սևակը տուժող ոստիկան Գևորգյանին թողել է պահակետում ու դիմել է փախուստի:
Ժամեր անց նա հանձնել է հափշտակած «Մակարով» ատրճանակը:
Ամբաստանյալը հայտնել է, թե եղբորը՝ Սամվելին կալանավորել էին մի դեպքով, որով ինքն էր տուժողին հարվածներ հասցրել, բայց բռնել էին իր եղբորը:
Եղբայրը, ըստ Սևակի, դարձել էր «իր զոհը», նրան կալանավորել էին իր փոխարեն, ինչը, իր կարծիքով՝ անարդարացի է: Ինքը բազմիցս դիմել էր իրավապահներին, որ հարցաքննեն ու ճշմարտությունը բացահայտեն, բայց իրեն չէին լսել, անվանել էին «գիժ»:
Մինչ այս դեպքը ինքը բարձրացել էր ոստիկանության Ապարանի բաժնի դիմացի քանդված շենքի կտուր ու ասել էր, թե իրեն կգցի, թող եղբորն ազատ արձակեն, իրեն դատեն:
Եկել էին փրկարարները, իրեն իջեցրել էին, բերել էին եղբորը, ինքը նրան տեսնելուց հետո հանգստացել ու գնացել էր տուն:
մանրամասները՝1-in.am-ում: