«Այնքան էր տարվել կռվով, որ տղաներից մեկին գետին տապալեց».հիոշղություններով կիսվում են ժամկետային զինծառայողի հարեւանները
Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ hակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը: Գրիգորյանների հարևաններից Նելլին, Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Կարենի մասին պատմեց. «Կարենին բոլորը սիրում էին, նրանով հպարտանում էինք, նա մեր չեմպիոնն էր, մեր պարծանքը, մեր փոքրամարմին Կարենը»: Զինծառայողը քիք-բոքսինգի Հայաստանի բազմակի չեմպիոն էր: «Բակում ինչ տղա տեսներ, ասում էր արի հետդ կռվեմ, քեզ էլ սովորեցնեմ, մի անգամ տենց պրյոմներ էին անում, Կարենը էնքան էր տարվել, որ տղաներից մեկին գետին տապալեց ու նույնիսկ թևը կոտրել էր, էսօրվա պես էդ դեպքը հիշում եմ»,-ասաց մեր զրուցակիցը: Կարենը հունվարին պետք է բանակից զորացրվեր։ «Բանակում էլ իր կարգապահությամբ, իր համեստությամբ աչքի էր ընկնում, ծառայության ընթացքում էլ մի քանի անգամ պատվոգիր է ստացել, տուն գալու թույլտվություն»,-ասաց հարևանուհին` հավելելով, որ Կարենը մահացավ իրեն արժանի հերոսական մահով:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
