Արարատի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոս զինվորին, ով իր ընկերների հետ Արցախի սահմանը պահեց անառիկ
Այսօր` դեկտեմբերի 20-ին, Արարատի մարզի Արբաթ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին` դեկտեմբերի 18-ին Արցախի պաշտպանական դիրքերում արիաբար զոհված, գյուղի բնակիչ, 19-ամյա Աղասի Գրիգորյանին: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 19-ամյա պատանին իր ծառայակից ընկերների, սպայակայն կազմի, հերոս տղաների հետ կենաց-մահու պայքար են մղել ազերի բաշիբոզուկների դեմ: Ցավոք, հայկական կողմը զոհեր ունեցավ և այդ հերոս տղաների ու նրանց զինակիցների արյան գնով և հերոսաբար մարտի արդյունքում նենգ թշնամին շպրտվեց, ուր որ պետք է: Այսօր ողջ գյուղը, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, Արցախից ժամանած Պաշտպանության բանակի սպաներ ու զինվորներ` ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին 19-ամյա հերոսին: Վերջին հրաժեշտին մասնակցելու էին եկել նաև Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի մարզի մի քանի գյուղերի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին հրաժեշտը տեղի ունեցավ այն դպրոցում, որտեղ սովորել է Աղասին և այդ դպրոցը կոչվում է Արցախյան պատերազմում նահատակված հերոսի անունով: Եղբոր թաղման արարողությանը մասնակցելու համար Ռուսաստանից ժամանել էր ավագ եղբայրը, ում հայրը անընդհատ խնդրում էր` ասելով. «Տղաս, էլ Ռուսաստան չես գնա, կմնաս մեզ հետ»: Ինչին ավագ որդին պատասխանում էր` այո: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավելի ցավալի է այն, որ Աղասու ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Տունը, որտեղից Աղասին գնացել է բանակ` ավեի շատ հիշեցնում է նկուղային կիսախարխուլ մի կացարան:
