18-ամյա զինվոր Գևորգին ճանաչողները պնդում էին. «Կյանքը սիրող տղան ինքնասպան չէր լինի». ծնողները պահանջում են, որպեսզի մեղավորներն օրենքի ողջ խստությամբ պատասխան տան
Երևանի Նորագավիթ թաղամասի բնակիչներ, ամուսիններ՝ 38-ամյա Հասմիկ Ավետիսյանն ու 45-ամյա Արամ Խաչատրյանը մինչև այս պահը չգիտեն՝ ով է պատասխան տալու իրենց մինուճարի՝ 18-ամյա Գևորգ Խաչատրյանի մահվան համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրն ասում էր. «4.5 ամիս առաջ երեխայիս մեծ սիրով ու իր կամքով ճանապարհեցինք բանակ: Սկզբում ծառայում էր սահմանապահ զորքերի Դավիթաշենի զորամասում, իսկ երդմնակալությունից հետո տեղափոխեցին Հորադիզ, որտեղ ծառայությունը շարունակեց թիվ 7 ուղեկալում: Միշտ կապի մեջ ենք եղել, ամեն անգամ խոսելիս Գևորգը չէր դժգոհում ծառայությունից ու միշտ ասում էր. «Ամեն տղա պետք է հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարի, տղամարդու նման ծառայի և հետ գա»: Ողբերգական դեպքը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ի սահմաններում, դրանից կես ժամ առաջ խոսել ենք Գևորգի հետ: Տրամադրւթյունը բարձր էր: Նոյեմբերի 29-ին մեզ ասում են, թե՝ տղադ մահացել է, իբրև թե ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված ավտոմատով կրակելով ծնոտին: Լրիվ հեքիաթ:
Թե՛ մենք, թե՛ քննիչները լավ գիտենք, որ երեխան մինչև սպանվելը դաժան ծեծի է ենթարկվել: Նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ հարվածների հետքեր: Քննիչ Հայկ Հայրապետյանը մեզ ասում է, թե ողջ գիշեր չենք քնել, լավ աշխատել ենք ու մի հատ կապիտան ու մի զինվոր ենք բռնել, ովքեր իբրև թե տղայիս հասցրել են ինքնասպանության: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ առողջ ու կյանքը սիրող տղայիս դաժանաբար ծեծել են, իսկ հետո կրակել են՝ սարքելով, թե տղես ինքնա խփել իրան: Մենք մեր դժգոհությունն ենք հայտնում զորամասի ողջ սպայական կազմին, ովքեր ունեն իրենց մեղքի բաժինը, ու եթե կանոնավոր ծառայեին, ապա իմ տղայի դիակը չէի ստանա: Ճիշտ է, տղայիս էլ հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում մեր նման ծնողները չդառնան որդեկորույս, և, որ, ամենակարևորն է, իրականությունը բացահայտվի, որ հանրությունը իմանա՝ տղաս ինքնասպան չի եղել, այլ ծեծել են, իսկ հետո սպանել են»:
մանրամասները՝ shamshyan.com-ում:
