Երևանում «Ջրաշխարհ»-ի սեփականատիրոջ 21-ամյա որդին` «շումախերական» վթարի հեղինակ. Աբովյան փողոցում Ford Mustang-ով տապալել է էլեկտրասյունը. կա վիրավոր
Այսօր` հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը իր վարած Ford Mustang մակնիշի 444 MM 44 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է, իսկ մեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Տեղում են նաև «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Մ. Խաչատրյանը «Վալենսիա»-ի և «Ջրաշխարհ»-ի սեփականատեր` «Ջրաշխարհի Խաչիկ» մականվամբ Խաչիկ Խաչատրյանի որդին է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները իմանալով, որ վարորդը «Ջրաշխարհի Խաչիկ»-ի տղան է` դառը կատակում էին ասելով` «էս տղեն որ ցամաքումա սենց քշում, բա ջրում ինչ կանի, լավա սուզանավով չի եղել, թե չէ Աբովյանի նման դուրս էլ գալու` դարերով ման գայինք»:
