56-ամյա Գալյա Առաքելյանին նախկին ոստիկան որդին ու հարսը չեն ընդունել, տան մեջ տեղ չեն տվել, իսկ հարսը շորերը տվել է ձեռքն ու տանից դուրս շպրտել
56-ամյա Գալյա Առաքելյանը ճամպրուկները ձեռքին ճարահատյալ թափառում է Հոկտեմբերյանի փողոցներում: «Տեղ չունեմ գնալու, գիշերելու եմ մի կամուրջի տակ ու ցրտից մեռնեմ: Իմացեք, որ ես բոլորի կողմից անտեսված մի կին եմ, ով ամուսնու կողմից ծեծուջարդից բացի այլ բան չի տեսել, ու ստիպված տանից փախել է: Հենց հիմա սոված -ծառավ թափառում եմ »:
Տիկին Գալյան ասում է, ամուսինը օր ու արև իրեն չի տվել. «Տղաս ամուսնացել գնացել է Ռուսաստան ապրելու, ես էլ էստեղ ամուսնուս հետ ապրում էինք, բայց չկար մի այնպիսի օր, որ ամուսնուս կողմից ծեծ չուտեյի: Ամբողջ օրը տանը կռիվ էր, ինչ ասես գլխիս չէր ջարդում»:-Fnews.am-ի հետ զրույցում իր կյանքի դառը պատմությունը ներկայացրեց 56-ամյա կինը:
Կինը իր կյանքը նմանեցնում է 1915 թվականի գաղթին. «Ինչպես էն ժամանակ էին թուրքերից փախնում, որ իրենց չմորթեն, էդպես էլ ես եմ տանից փախել, որ ամուսին կոչեցյալը ինձ չմորթի»,-ասաց տիկին Գալյան: Տանից փախնելով տիկինը հույս է ունեցել, որ որդու մոտ Ռուսաստանում ապաստան կգտնի: «Միակ որդիս էր, մտածում էի կարող եմ իրենց հետ ապրել: Բայց գնացի ու մեկ այլ ճահճի մեջ ընկա: Տղայիս կինը վրաս ծիծաղում էր, ինչ քայլ անում էի՝ իրենց համար ծիծաղալի էր: Ինձ տանից դուրս էին հանում, էնտեղ էլ մի ուրիշ դժվարություններ եմ ունեցել, հարսս ինձ չըընդունեց, տան մեջ տեղ չտվեց ու վերջնականապես շուրերս տվեց ձեռքս ու դուրս շպրտեց»:
Այդ օրվանից հետո տիկին Գալյան եկել է Հայաստան, այժմ Հոկտեմբերյանում է.«Ձեռքս մի կոպեկ փող չունեմ,առանց կոպեկի հետ եմ վերադարձել, ինձ որ սպանեն ամուսնուս հետ մի տան մեջ չեմ ապրի, նա ինձ բռնության էր ենթարկում: Ավելի լավ է դրսում մի կամուրջի տակ ապրեմ»: Այս օրերի ընթացքում տիկին Գալյան դիմել է մարզպետարան, քաղաքապետարան, սակայն ապարդյուն. «Որևէ մեկը օգնության ձեռք չի մեկնում, ոնց որ թե խիղճ ասվածը էս մարդկանց համար վերացած լինի, մի հատ չասեցին, որ գոնե դիմում գրեք, կօգնենք: Դուռը դեմքիս շրխկացրին ու գնացին»,-ասաց տիկին Գալյան: Հուսահատված տիկինն ասում է, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե, այս ծանր պայմաններից դուրս գա: «Եթե մեկը լիներ ու ինձ աշխատանք տար, հաստատ կաշխատեի: Մասնագիտությամբ խոհարար եմ, կարող եմ իմ մանսագիտությամբ աշխատել, բայց ինձ որևէ մեկը չի ուզում օգնած լինել, աշխատանք չեմ կարողանում գտնել»:
Ամաչելով, բայց ասում է, որ ցանկություն ունի գնալ ծերանոց. «Ինչ անեմ, որևէ մեկը ինձ օգնության ձեռք չի մեկնում, վերջում պետք է ինքնասպան լինեմ, կամ պետք է սովից ու ցրտից մեռնեմ, կամ էլ պետք է գնամ ծերանոց, բայց գիտեմ ծերանոց ինձ չեն ընդունի, տարիքով չեմ: Երիտարսարդ եմ՝ընդմանեը 56 տարեկան, ես պատրաստ եմ աշխատել: Խնդրում եմ միայն ինձ աշխատանք տվեք: Այլևս չեմ ուզում որդուս, ամուսնուս կողմից ծեծի ենթարկվեմ»:
