15-րդ թաղամասում ծանոթ աղջկան ֆեյսբուքյան սիրային գրառման պատճառով դպրոցականներն իրար քիթ ու գլուխ են ջարդել
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Հարություն Ա.-ի գործի դատական քննությունը:
1999 թվականի ապրիլի 23-ին ծնված, դեպքի կատարման պահին՝ 2015 թվականի հունվարի 28-ին, դեռ 15-ամյա Հարությունին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Հարությունն ու ընկերները Երևանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Հայկ Մ.-ի ու նրա ընկերների, այդ թվում՝ Արամ Մ.-ի հետ:
Դեռահասների պարզաբանման թեման այն էր, որ Հայկ Մ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով Հարությունի ծանոթի քրոջը՝ Մարինային (անունը փոխված է), սիրային բնույթի հաղորդագրություններ էր ուղարկել:
Դեռահասները հանդիպել են սուպերմարկետի մոտ, ապա գնացել են մոտակա՝ թիվ 102 դպրոցի խաղահրապարակ:
Այնտեղ Հարությունն առանձնացել է Հայկ Մ.-ի հետ՝ հիշյալ հարցի շուրջ զրուցելու:
Խոսակցության ժամանակ Հարությունը մեկ անգամ բռունցքով հարվածել է Հայկի դեմքին, որից հետո բոլորը դիմել են փախուստի:
Այդ պահին Հարությունին թվացել է, թե Հայկի ընկերներց մեկը հայհոյեց իր հասցեին:
Հարությունը հետապնդել է Հայկին ու նրա ընկերներին, Մարգարյան փողոցի շենքերից մեկի մոտ հասել է Արամ Մ.-ին ու գետնից վերցրած փայտով հետևից հարվածել է Արամի գլխին: Հետո բռունցքներով երկու անգամ խփել է Արամի դեմքին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ աջ գագաթային շրջանի սալջարդ վերքեր, աջ գագաթոսկրի ներմղված կոտրվածք, քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, բազմաթիվ քերծվածքներ:
Վնասվածքները պատճառելուց հետո Հարությունը փախել է:
մանրամասն՝1in.am-ում
