«Մեր լրատվամիջոցներն ամեն ինչ բերում-հասցնում են պաշտոնների, բայց դա չէ էականը, դա չէ էությունը, մենք լրջագույն հարցեր ունենք քննարկելու».VIDEO
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում, անպայման ունենում է հեղինակության կորուստ, ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերում է Հայաստանի իշխանություններին:
Fnews.am-ի հարցին՝ կարո՞ղ է արդյոք կասկածի տակ դրվել ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությունը, Ա. Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»:
Իսկ՝ ինչո՞ւ արդյունք չունեք մինչև այսօր, եթե մի քանի շաբաթ է արդեն գնում են քննարկումները, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ մի քանի շաբաթ չէ, երևի թե առավելագույնը տասն օր են գնում քննարկումները. «Մեր լրատվամիջոցներն ամեն ինչ բերում-հասցնում են պաշտոնների, բայց դա չէ էականը, դա չէ էությունը, մենք լրջագույն հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ կատարելու ուղղությունների վերաբերյալ, համաձայնեցնելու մեր մոտեցումները, ու շտապելու բան չկա: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ մասնակցության ձևաչափի և պատասխանատվությունները ստանձնելու ուղղությամբ»:
