«Մենք էլ մեր հերթին ուզում ենք լավ զինված լինել ու զենք ենք խնդրում մեր հարգարժան նախարար՝ Սեյրան Օհանյանից».Վ. Բաղմանյան
«Գնդակները վնասել են պատերը, պատուհանների շրջանակները, ջարդել դրանց ապակիները»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը; Նա տեղեկացրեց, որ փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղն ու հայկական դիրքերը.
«Կրակոցները եղել են գիշերը ժամը 2-ի սահմաններում և տևել են մոտ մեկ ժամ: Քաղաքացիները չեն տուժել: Վնասվել է միայն գյուղացիներից մեկի տանը կից պատը, որը մասամբ կախվել է:Հիմա ամեն ինչ հանգիստ է գյուղացիները զբաղված են իրենց բնականոն գործունեությամբ»:
Չինարիում վերջին օրերին խաղաղ է: Կրակոցներ չկան: «Մեր ականջները սովոր են, և կրակոցներին և Երևանից եկող խուճապային խոսակցություններին»,-ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը;
«Մենք երբեք չենք վախեցել դավադիր կրակոցից, միշտ պատրաստ ենք մեկին՝ տասը պատասխան տալու: Բայց մենք ազնիվ ենք մեր պայքարում, իսկ իրենք գողի պես ու անակնկալ դիվերսիոն գործողություններ են իրականացնում՛՛,-ասաց Չորաթանի գյուղապետ՝ Վարուժան Բաղմանյանը: Չորաթանցիներն էլ իրենց հերթին են շուրջօրյա հերթապահություն սահմանել՝ սահմանագծին: «Մի խնդիր կա մենակ՝ մենք ուզում ենք լավ զինված լինել ու զենք ենք խնդրում մեր հարգարժան նախարար՝ Սեյրան Օհանյանից»:
Գյուղացիների տրամադրությունը բավականին բարձր է, գյուղում խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով: «Ոչ ոք չի մտածում գյուղից հեռանալու մասին»,-ասաց գյուղապետը:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ արձագանքելով Չորաթանի գյուղապետի խնդրանքին, նկատեց.«Նրանք ՀՀ քաղաքացիներ են, այլ ոչ թե զինված ուժերի ծառայակիցներ, այդ հարցը մենք չենք կարգավորում, նրանք զնեք կրելու համար պետք է թույլտվություն ստանան համապատասխան մարմիններից»: Այդուհանդերձ Հովհաննիսյանը չբացառեց, որ համապատասխան նամակ գրելու դեպքում, նախարարությունը գուցե կարողանա ինչ-որ ձեւով օգտակար լինել:
