Նվազել են սուր շնչառական վարակներով հիվանդությունների թիվը, բայց զգոնությունը չպետք է կորցնել. Լիանա Թորոսյան
Life.panorama.am-ը գրում է.
«Հանրապետությունում նվազել են սուր շնչառական վարակների դեպքերը»,- Panorana.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասկաների շրջանում և թոքաբորբերի, և շնչառական վարակների նվազում կա, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է զգոն չլինենք»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության նկատելի նվազում:
«Այսօրվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում գրեթե 70 տոկոսով նվազել է բուժում ստացող հիվանդների թիվը, արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդներ էլ չունենք»,- նշեց Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ հղիների շրջանում նույնպես զգալի կրճատվել է գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացությունը:
Ըստ նրա, եթե հունվարի կեսերին հոսպիտալացվել է 114 հղի, ապա այսօր այդ թիվը նվազել է ՝ հասնելով 17-ի: Նրանց մոտ հիմնականում գրանցվել են շնչառական վարակներ, իսկ 4-ի մոտ՝ թոքաբորբ:
«Ազգաբնակչությանը կոչ եմ անում՝ զգոնությունը չկորցնեն, քանի որ մենք գործ ունենք H1N1 վիրուսի հետ, ինչը նշանակում է, որ պետք է ավելի ուշադիր լինել»,- ասաց Լիանա Թորոսյանը և ավելացրեց, որ շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նույնպես շարունակվում են իրականացվել մի շարք միջոցառումներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
