Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների դինամիկ զարգացման առնչվող հարցեր
Araratnews.am-ը գրում է.
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:
Արտգործնախարարները կարևորել են բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար: Այդ առումով կարևորվել է քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
