«Օջախ» ռեստորանային համալիրի մոտ 27-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով բախվել է «Փարավոն» ռեստորանի պարսպին, իսկ հետո ավտոմեքենաների ջարդ արել. կան վիրավորներ
Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Բալահովիտ-Պտղնի ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ Արսեն Սահակյանի վարած Opel մակնիշի 34 VԼ 965 համարանիշի, Աբովյան քաղաքի Սարալանջի 24 շենքի բնակիչ 51-ամյա Մուշեղ Հովհանիսյանի վարած Lada 21012 մակնիշի 34 VM 261 համարանիշի և Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 27-ամյա Արիաս Սարիբեկյանի վարած Mercedes մակնիշի 34 ZL 796 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը «կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ՝ ձախից» ախտորոշմամբ, Mercedes-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 31-ամյա Անուշ Կոջոյանը, Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ, 28-ամյա Անահիտ Խաչատրյանը «աջ վեկոսկրի բաց հոդախախտ-կոտրվածք՝ հարցականով» ախտորոշումներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ:
