Որոշակի հիվանդ սուբյեկտներ, մասնակցելով տարբեր շոուների և ֆոտոսեսիաների, հասարակությունից փորձել են միշտ ինչ-որ բան թռցնել
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական խմորումներին ու հնարավոր նոր զարգացումներին, եւ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվում Սահմանադրական հանրաքվեից հետո, ասաց.
-Սահմանադրական հանրաքվեից հետո հանրապետության նախագահը, բնականաբար, ամրապնդում է իր և իշխող քաղաքական ուժի դիրքերը: Այդ համատեքստում համագործակցության է հրավիրվում ՀՅԴ-ն, որը հայ քաղաքական կյանքում մշտապես ունեցել է բարձր վարկանիշ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ այդ համագործակցության արդյունքում մեր երկիրը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա ներկա սոցիալ-տնտեսական ոչ ցանկալի վիճակից: Բոլոր դեպքերում, ես՝ որպես շարքային քաղաքացի, այդպես եմ ուզում:
-Իսկ մյուս քաղաքական ուժերը չէի՞ն կարող քաղաքական համագործակցության մաս կազմել :
Իհարկե կարող էին: Սակայն այստեղ մի փոքր նրբություն կա. իշխող քաղաքական ուժը պարզապես նրանց չի հրավիրել : Բայց անկախ դրանից, այդ ուժերն իրենց հերթին կարող էին նպատակահարմար չհամարել նրանց հետ գնալ համագործակցության:
- Պարոն Բոստանջյան, այդուհանդերձ որոշ ԲՀԿ-ականներ, արտահերթ նիստի ժամանակ չթաքցրեցին իրենց ցանկությունը ՝ կոալիցիա կազմելու վերաբերյալ : Ավելին, շեշտվեց , որ հինգ հոգանոց խմբակցությանը հրավիրում են , իսկ երեսունին ՝ ոչ :
-Ես միայն կարող եմ նշել, որ գտնվելով ԲՀԿ-ում, ճանաչել եմ պատվախնդիր և հայրենասեր մարդկանց, ովքեր ներկայումս էլ, Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ, անում են ամեն ինչ՝ կուսակցության հեղինակությունը բարձր պահելու համար:
Իսկ ինչ վերաբերվում է առանձին դժբախտ իրավիճակներին, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքեր միշտ էլ լինում են: Որոշակի հիվանդ սուբյեկտներ, մասնակցելով տարբեր շոուների և ֆոտոսեսիաների, հասարակությունից փորձել են միշտ ինչ-որ բան թռցնել:
- Ի դեպ, որպես տնտեսագետ, ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ-ի ներկայիս տնտեսական վիճակը:
-Կասեմ, որ հիմա երբ ռուբլին անկում ապրեց, ապա դրամը ևս, իր հերթին փոքր-ինչ կորցրեց արժեքը: Ու բնականաբար տնտեսական վիճակը վատացավ : Բայց մեր իշխանությունն անում է ամեն ինչ՝ տիրող իրավիճակը փոփոխելու համար: 2015-ը ամենավատ տարիներից էր՝ տնտեսական առումով:
