Ո՞վ է առաջինը շնորհավորում Նելլի Դուրյանին, ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանի համար մարտի 8-ը դարձել անհետաքրքիր, եւ ի՞նչն է պակասում հայ կնոջը՝ ըստ Կարինե Աճեմյանի, եւ Գոհար Ենոքյանի
Ինչ են սիրում Մարտի 8-ին նվեր ստանալ կին պատգամավորները, հանրությանը հայտնի հայ կանայք:
Fnews.am-ի կողմից արված հարցումների համաձայն, պարզվեց, որ կանայք հիմնականում նախընտրում են ծաղկեփնջեր նվեր ստանալ: Թեեւ այսօրվա մեր զրուցակիցներն իրենց խոսքում նշեցին, որ կարեւորը սիրո եւ ջեմության մթնոլորտի առկայությունն է, ինչի կարիքն այսօր հայ կինն ամենաշատն ունի:
Եւ այսպես, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հայ կնոջը խաղաղությունն ու բարեկեցությունն է պակասում: Լավ կլիներ, որ ամեն կին, ամեն մայր, ով որդի է ուղարկում բանակ, ողջ և առողջ դիմավորեր իր բալիկին և այսպիսի տոներին իր տղայի ձեռքից գեղեցիկ վարդեր ստանար: Տիկին Ենոքյանը ցանկացավ, որ բոլոր կանայք ապրեն արժանապատիվ կյանքով, լինեն գնահատված և սիրված: Նա չի առանձնացնում որևէ տոն, քանի որ իր համար բոլոր տոներն էլ անմոռանալի են և հիշարժան: Ունենալով հրաշալի թոռնիկներ և շատ ուշադիր տղա, նա նշեց, որ իր համար բոլոր օրերն էլ տոնի են վերածում, իսկ թոռնիկներն անգամ չեն համբերում, որ լույսը բացվի և ամեն տարի, մարտի 7-ի գիշերը՝ հենց 12-ից հետո, շնորհավորում են տատիկին: Արդյոք կա՞ սրանից մեծ երջանկություն կնոջ համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին՝ ցանկացավ սեր, հաջողություն և առողջություն: Սակայն նշեց, որ ամուսնու՝ Սամվել Մկրտչյանի մահից հետո, նրան նմանատիպ տոներն արդեն չեն հետաքրքրում և չեն ուրախացնում:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը բոլոր հայ կանանց մաղթեց սեր, ջերմություն և որ նրանք միշտ շրջապատված լինեն ուշադրությամբ: Հայ կինը պայքարող է, հաղթող և քնքուշ: Նա միշտ իր ընտանիքին հեռու է պահում վտանգներից և չարիքից ու իր սիրով պարուրում նրանց: Թող մի՛շտ հայ կինը մնա այդպիսին և իր քնքշությամբ մտնի քաղաքական ու հասարակական կյանք: Այսօր հայ կնոջը միայն մի բան է պակասում ՝ լինել ավելի ուշադիր սեփական անձի նկատմամբ : Թող բոլոր կանայք սիրեն և սիրված լինեն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին առաջինը շնորհավորում են երեխաները` չհամբերելով, որ լույսը բացվի: Տիկին Դուրյանը չի առանձնացնում ոչ մի մարտի 8, քանի որ ամեն տարի իր երեխաները նորովի են ուրախացնում իրեն: Նելլի Դուրյանը ցանկանում է , որ հայ կինը ավելի շատ ժպտա, քանի որ նա իրոք արժանի է լավագույնին: Այսօր հայ կնոջը միայն ժպիտն է պակասում: Թող մեր բոլոր կանանց օրերը, անկախ տոներից, լինեն ուրախ, լի ժպիտով և էներգիայով: Թող ցանկացած կին լինի երջանիկ, սիրված և առողջ:
Ա. Առաքելյան
