Ադրբեջանում պատգամավորը բանակում երկու ոտքերից զրկված զինվորին ասել է. «Չեմ կարող օգնել, դու իմ ընտրողը չես»
2014 թվականի ամռանը ԼՂՀ նկատմամբ դիվերսիայի ժամանակ փոխհրաձգություններում ծանր վիրավորվելու հետեւանքով երկու ոտքերից զրկված ադրբեջանական բանակի զինվոր Սարխան Թահիրզադեն եւս երկու ծանր վիրավոր զինվորների հետ բուժման էր ուղարկվել Անկարա:
Այն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները բազմաթիվ հոդվածներ հրապարակեցին, այն մասին, թե ինչքան մեծ ուշադրության են արժանացել «թշնամու դեմ կռվում» իրենց «հերոս» տղաներն Ադրբեջանում եւ Թուրքիայում: Լուսանկարներ էին հրապարակվում հիվանդանոցում ադրբեջանցի պատգամավորների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների` «հերոսներին» այցելությունների մասին, նշվում էր, որ անգամ նրան Անկարայում այցելել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Բուժումից հետո Անկարայից Բաքու վերադառնալու ժամանակ անգամ նրանց պատվին հանդիսավոր դիմավորման արարողություն էր կազմակերպվել:
Korrespondent.az-ի հետ զրույցում հաշմանդամի սայլակով տեղաշարժվող Սարխանը բողոքել է, որ գտնվում է խիստ կարիքավոր վիճակում եւ այժմ իրեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Նա ասել է, որ դեռ Անկարայում եղած ժամանակ խնդրել էր, որ թույլ տան մասնակցել համակարգչային դասընթացների, որպեսզի կարողանա մասնագիտություն ձեռք բերել եւ աշխատել, սակայն, իրեն այդտեղ բերած անձինք հասկացնել են տվել, որ Անկարա են բերել միայն բուժման համար:
Բաքվում հանդիսավոր արարողությամբ դիմավորելուց հետո Սարխանի համար հեքիաթն ավարտվեց ու սկսվեց իրական կյանքը..., գրում է կայքը:
Կայքը գրում է, որ Սարխանի խնդիրը հանրայնացվելուց 5 ամիս հետո կառավարությունը նրան, այդուհանդերձ, օգնել էր ընդունվել հաշմանդամների համար նախատեսված համակարգչային դասընթացներ:
Armenpress
