Պարզվեց թե իրականում Գյումրիում ինչի՞ց է մահացել...մարտի 12-ին մահացած նորածնի գործը այլ ընթացք է ստանում
Գյումրիում մարտի 12-ին մահացած նորածնի հարազատների կարծիքով, երեխայի վիճակը վատացել է, քանի որ հիվանդանոցում որոշ ժամանակ էլեկտրաէներգիա չի եղել:
«Դեպքի օրը գիշերը ժամը 2-ին, երբ ինձ արթնացրին ու խնդրեցին ամուսնուս հեռախոսահամարը, ծննդատանը ժամեր առաջ հոսանք չէր եղել: Ինձ չասացին, որ երեխես վատ է, ասեցին` ամուսնուս բան ունեն ասելու: Ես մտածում եմ` հոսանքով աշխատող այդ սարքը, որ ցույց է տալիս, թե ինչքան թթվածին է ստացել երեխան, երբ անջատվել է, ուշադիր չեն եղել, չեն տեսել` երեխան բավարար թթվածին ստանում է, թե՝ ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորածնի մայրը` Լիանա Դարբինյանը:
Երեխայի ծնողները նշեցին, որ պայքարելու են այնքան, մինչեւ մեղավորները պատժվեն:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ իրեն չեն զեկուցել էլեկտրաէներգիայի անջատվելու մասին: Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի անջատվելու դեպքում իրենք հոսանքի երկրորդ աղբյուր են միացնում, որը նման դեպքերում օգնել է խուսափել խնդիրներից: Նա նշեց նաեւ, որ եթե անգամ սարքը անջատվեր, չէր խանգարի, որ նորածինը թթվածին ստանար, պարզապես հնարավոր չէր լինի հետեւել թթվածնի չափին:
Նշենք, որ նորածինը, նախնական եզրակացությամբ, մահացել է սուր շնչառական անբավարարությունից:
Նորածնի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են թե՛ Գյումրիի ծննդատան, թե՛ քաղաքի «Մոր ու մանկան» ավստրիական կենտրոնի բժիշկներին:
Գյումրիի ծննդատան բժիշկները, ըստ ծնողների, անփույթ են եղել, երեխայի ծնվելուց միայն մեկ օր անց են ասել, որ վիճակը վատ է, իսկ իրենք արհեստական շնչառական ապարատ չունեն նրան պահելու համար: Ավստրիական կենտրոնի բժիշկներին էլ մեղադրում են այն բանում, որ հրաժարվել են շնչառական ապարատին միացնել փոքրիկին` պատճառաբանելով, որ բոլոր սարքերը զբաղված են:
Երեխայի հոր խոսքով, ինքն առաջարկել է փոքրիկին Երեւան տեղափոխել, բայց չեն համաձայնվել: Ասում է՝ որոշ ժամանակ երեխային ձեռքով արհեստական շնչառություն են տվել, եւ նա մահացել է:
Ծնողները պնդում են նաեւ, որ փոքրիկի լույս աշխարհ գալու ժամանակ բժիշկներն անփույթ են եղել ու նորածնի մարմինն այտուցվել է, իսկ հետո իրենց ասել են, որ նրա թոքերը սեղմված են եղել:
Ծննդատան ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները: Նորածնային բաժանմունքի վարիչ Ռոզա Ասլանյանը պնդում է, որ երեխան ծնվել է շնչառական անբավարարությամբ, եւ հաշված ժամերի ընթացքում վիճակն ավելի է վատացել: Բժշկուհու խոսքով` իրենք նախ փորձել են նորածնի վիճակը կայունացնել, ապա պայմանավորվել են հիվանդանոցի հետ տեղափոխման մասին: Ավստրիական մանկական հիվանդանոցից էլ պնդում են, որ նորածինն իրենց մոտ է փոխադրվել արդեն մահամերձ:
Նշենք, որ նորածինն ընտանիքի առաջնեկն էր, ծնվել էր 2.8 կգ քաշով: Պետրոսյանները նրա ծնվելուն սպասել էին 10 տարի:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
