Նուբարաշենում 14-ամյա տղան դանակահարել է ընկերուհու ծնունդի նվերի համար իրենից 20 հազար դրամ պահանջող դասարանցուն
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Փ.-ի գործի դատական քննությունը:
Անչափահաս Հայկը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Մեղսագրված արարքի կատարման պահին 2000 թվականի հուլիսին ծնված 14-ամյա Հայկը 9-րդ դասարանի աշակերտ էր: Հիմա նա սովորում է ավագ դպրոցում:
Տուժողը նույնպես անչափահաս է, նա Հայկի տարեկիցն է, նրա դասարանցին է եղել ու նաև՝ հարևանն է:
2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 19-ն անց 55 րոպեին հիվանդանոցից Էրեբունու ոստիկանություն ահազանգ է տրվել, որ իրենց մոտ է տեղափոխվել «գանգուղեղային տրավմա, ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ 14 տարեկան Գրիգոր Գ.-ն:
Նույն օրը Գրիգորը հաղորդում է տվել, որ իրենց շենքի նկուղում իր մեջքին մի քանի անգամ հարվածել է իր ընկեր Հայկը:
Հունվարի 27-ին ոստիկանություն է ներկայացել 14-ամյա Հայկ Փ.-ն: Նա հայտնել է, որ Գրիգորի վնասվածքները պատճառել է ինքը:
Հայկ Փ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում իրենց շենքի բակում հանդիպել է իր դասընկեր Գրիգորին:
Միասին գնացել են իրենց շենքի երկրորդ մուտքի նկուղ, որտեղ «գումարային հարցերի շուրջ» վիճաբանել են իրար հետ:
Հայկ Փ.-ն իր կրած դանակով, ապա բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Գրիգորին և ճակատային շրջանի սալջարդ վերքի, ձախից՝ ուսահոդի, բազկի շրջանների ծակած-կտրած վերքերի, աջ ենթաթիակային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով՝ ուղեկցված հեմոպնևմոթորաքսով, 2-րդ աստիճանի շնչառական անբավարարությունով, ներքին արյունահոսությամբ, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Գործով ամբաստանյալ Հայկ Փ.-ի մարմնին նույնպես վնասվածքներ են արձանագրվել՝ պարանոցի ձախ կեսի կողմնային մակերեսին՝ ուղղահայաց դասավորությամբ բաց բոսորագույն արյունազեղումներ:
մանրամասն՝ 1-in.am-ում:
