Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստում շարունակվեց գործի գրավոր նյութերի հետազատումը
Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստում շարունակվեց գործի գրավոր նյութերի հետազատումը: Պաշտպանական կողմը շարունակեց կասկածի տակ դնել գործի ապացույցների արժանահավատությունը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից ուշադրություն հրավիրել ինչ-ինչ հանգամանքներ անտեսելու վրա:
Այսպես, ըստ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հայտարարության, գործի քննությամբ հաստատված է, որ Ա.Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերված, կրակոցների լիարժեք արգասիքներ ունեցող բժշկական ձեռնոցը Մովսես Ներսիսյանը չի կրել (ըստ մեղադրական եզրակացության, այդ սպանությունը վերագրվում է Մ.Ներսիսյանին), ձեռնոցն, առավել ևս, կապ չունի Իսրայել Սարգսյանի հետ: Քննությունը չի պարզել, թե ով է կրել ձեռնոցը: Պաշտպանը զարմանք հայտնեց, որ ձեռնոցը՝ հակառակ լիարժեք արգասիքներ կրելու, չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց:
Մեղադրող Արմեն Փանոսյանը նշեց, որ ինքը պաշտպանական կողմի հայտարարություններին կանդրադառնա իր ճառում: Ըստ մՙեղադրողի, փորձագետի եզրակացությամբ, հաստատվել է, որ Կարեն Ներսիսյանը արնանման հետքեր թողած անձի՝ Մովսես Ներսիսյանի, որդին է:
Դատարանում հետազոտվեցին նաև կոյուղու դիտահորի զննության մի շարք արձանագրություններ, ըստ որոնց, քննության համար կարևոր որևէ առարկա, ինչպես նաև ենթադրաբար սպանված Մոսվես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել (ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին):
pastinfo.am
