19-ամյա սպանված զինվորի մայրը իշխանություններից խնդրում ու պահանջում է պատժել անպատասխանատու սպաներին, որպեսզի խաղաղ պայմաններում հերթական զինվորի մահվան լուր չլսվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա մարտի 24-ին ՀՀ ՊՆ Կապանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Սևակ Համբարձումյանի մայրը մեկ բան է պահանջում իշխանություններից` որ մեղավորը ենթարկվի խիստ քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի հետագայում մնացած սպաներին, ովքեր կփորձեն նման վերաբերմունք ցուցաբերել զինվորի նկատմամբ: Համբարձումյանների ընտանիքի միակ զավակը՝ Սևակը, ապրում էր ծնողների հետ Երևանում` Կուրղինյան 29 շենքի 43 բնակարանում: Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. որ Սևակը բազմակողմանի զարգացած երիտասարդ էր, վարժ տիրապետում էր համակարգչային բազմապիսի ծրագրերի, տիրապետում էր նաև 4 լեզուների: Ողբերգական լուրը լսելուց հետո ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ էին դրել, որ, իբրև, Սևակը ինքնասպանություն է գործել, սակայն կարճ ժամանակում պարզվեց, որ այդ ամենը սուտ է:
