Վերջերս էր, որ Ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր ԼՂ հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին. Կառլ Բիլդտ
Վերջերս էր, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը։ Բիլդտը նաև կիսվել է ՄՃԽ-ի կայքում 2016 թվականի փետրվարի 26-ին հրապարակված վերլուծությամբ, որտեղ հոդվածագիրն այդ ժամանակ մոտ օրերին սպասվող ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցելությունների ֆոնին գրում է, որ հակամարտությունը կարող է սառած թվալ հեռվից, բայց «Եվրոպայի ծայրում անավարտ պատերազմը շատ ավելի սպառնալից է երևում, քան անգամ մեկ տարի առաջ»: Հոդվածագիրը նշում է, որ առնվազն չորս փոփոխություն է տեղի ունեցել, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը և ԵՄ անդամ պետությունները: Հեղինակի խոսքով՝ առաջինը Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների դինամիկան է, երկրորդը՝ տարածաշրջանի քաղաքականություն Իրանի վերադարձը, երրորդը՝ Հայաստանում և Ադրբեջանում տնտեսական խնդիրները, իսկ չորրորդը և ամենամտահոգիչ բաղադրիչն անվտանգության հետ կապված միջադեպերի աճն է:
