ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ,ԵՐԲ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ Արտերկրում յուրաքանչյուր հայ պետք է այսպես՝ հավուր պատշաճի ներկայացնի իրադարձություններն Արցախում
Ապրիլի 4-ին Վարշավայի համալսարանում կայանալիք "Արևելք-Արևմուտք միջազգային քաղաքական հարաբերությունները" խորագրով գիտաժողովին ելույթ է ունեցել Վարշավայի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոկտորանտ Տիգրան Օհանյանը:
Նրա խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
Մեծարգո պարոն նախագահ
Հարգարժան պրոֆեսորներ,
Հարգելի հյուրեր
Տիկնայք և պարոնայք
Ելույթիս տեքստն այլ պետք է լիներ, եթե չլինեին ապրիլի 2-ից սկսված արյունալի իրադարձությունները Հարավային Կովկասում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում։ Միջազգային քաղաքական հարաբերություններում կարևոր դերակատարում ունեցողները դիվանագետներ են և ցանկացած թյուրըմբռնում հարթվում է դիվանագետների կողմից։ Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է սկզբունք, որ ազգամիջյան հակամարտությունը սկսում են քաղաքական գործիչները, շարունակում գեներալները, ավարտում դիվանագետները։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը կրկին վերադարձավ գեներալների փուլին և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է զինտեխնիկայի տարբեր միջոցներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել խաղաղ բնակչությանը։
Պարոն նախագահ
Երեկ ադրբեջանական զինվորականների կողմից կատարվել է մարդկության դեմ հանցագործություն։ Սպանվել և խոշտանգվել է ազգությամբ հայ 3 խաղաղ բնակիչ։ Մարդկության դեմ հանցագործությունը ազգություն և ժամկետներ չունի։ Ժամանակին պատշաճ կերպով չդատապարտվեց 1915-1920 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, որը հետագայում առիթ հանդիսացավ Հոլլոքոստի։ Լեհ ժողովուրդն շատ լավ գիտի մարդկության դեմ հանցագործության դառնությունը, քանզի ինքն է ենթարկվել նման հանցագործության ֆաշիստների կողմից, ինչպես նաև նման հանցագործություն կատարվել է Կատինում լեհերի հանդեպ։
Պարոն նախագահ
Անարձագանք թողնելով ադրբեջանցիների կողմից ագրեսիայի դրսևորումը՝ զուգորդված մարդկության դեմ հանցագործությամբ, քաղաքակիրթ աշխարհը առիթ է տալու հետագայում նման արարքների կրկնության և ստորացնելու է միջազգային հարաբերությունների դերն ու նշանակությունը։ Միջազգային քաղաքական հարաբերություններում դիվանագետների դերը մենք բոլորս հասկանում ենք և դա պետք է բացատրվի այս օրերին քաղաքակիրթ աշխարհին մարտահրավեր նետողներին։
Շնորհակալություն
