Թշնամու գնդակից վիրավորում ստացած զինվորը չի դիմել բժիշկներին՝ ընկերներին մենակ չթողնելու համար (տեսանյութ)
«Վերջին օրերին մեր զինվորների վիրավորումները մեծամասամբ եղել են բեկորային, այսինքն՝ թնամու կողմից աշխատել է ավելի շատ հրետանին, քան զինվորը: Զինվորներից մյուսը գնդակային վիրավորում ունի, ինչը նշանակում է, որ թշնամին մոտիկից է գործել»,- այս մասին ասել է «Հանրապետական» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը:
Գնդակային վիրավորում ստացած զինվորն էլ պատմել է, որ սողալով փորձել է անցել տեղանքը՝ օգնության հասնելու, բայց հակառակորդի դիպուկահարը կրակել է:
«Մեր տղերքին հալալ ա, մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ հակառակորդը չի կարա ոտք դնի մեր հայկական սահման: Փառք ու պատիվ մեր զոհված տղաներին»,- ասել է նա՝ իր մարտական ընկերներին կոչ անելով ուշադիր լինել, քանի որ տանն իրենց սպասող կա:
Վերջինս մեկ ցանկություն ունի՝ նորից անցնել ծառայության:
«Ես չեմ ուզի, որ իմ ընկերներն ինձ պես վիրավորվեն: Աստված պահապան լինի նրանց»,- նշել է զինվորը:
Մարտական դիրքերում ակտիվ գործողություններին մասնակցած Անդրանիկ Խաչատրյանն էլ բազկի շրջանում բեկորային վնասվածք է ստացել, սակայն երկու օր չի դիմել բժիշկներին:
«Էդ ժամանակ դիտորդ էի: Դեպի թաքստոց գնալուց հակառակորդի հրետանին չէի նկատել, խփեցին ձեռքիս, բայց երկու օր չդիմեցի բժշկի: Չուզեցի մեր տղաներին մենակ թողնել»,- պատմել է 18-ամյա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կռվելու պահին միայն հաղթանակի մասին են մտածել:
Մանրամասները՝ ԵԿՄ-ի պատրաստած տեսանյութում:
