Հրաժարվե՛լ The Wall Street Journal-ի բաժանորդագրությունից` հակահայկական գովազդի պատճառով. դա աջակցում է 1.5 մլն հայերի կոտորածի ժխտմանը
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, ով Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի հետնորդներից է, հանդես է եկել առաջարկով, որով կոչ է արել Լոս Անջելեսի բոլոր պետական հաստատություններին հրաժարվել The Wall Street Journal և Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների հրապարակմամբ զբաղվող մյուս խոշոր պարբերականների բաժանորդագրությունից։
Asbarez-ը փոխանցում է,որ բացասական գնահատելով հեղինակավոր պարբերականի քայլը` Կրեկորյանը նշել է. «Կասկածելի կազմակերպությանը նման բնույթի գովազդի համար տարածք տրամադրելը նշականում է, որ The Wall Street Jouranl-ը ևս անտեսում է 1.5 մլն հայերի կոտորածն ու աջակցում է Ցեղասպանության ժխտմանը: Քանի դեռ նրանք ներողություն չեն խնդրել հայ համայնքից, գովազդային նույնպիսի տարածք չեն տրամադրել ճշմարտացի իրողությունների նկարագրման համար ու չեն փոխել իրենց վարած գովազդային քաղաքականությունը` Լոս Անջելեսի իշխանությունները չեն աջակցի նրանց։ Մենք չենք կարող նպաստել Ցեղասպանության ժխտմանը մեր իսկ գրպաններից ելնող դոլարներով»։
Հայտնի է, որ Կրեկորյանի առաջարկին անմիջապես արձագանքել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան Շրջանի տնօրեն Նոռա Հովսեփյանը` նշելով, որ իրենք լիովին աջակցում են այս առաջարկին։
