ՀՀ ՊՆ նախարարը պարզաբանում է, թե Ինչո՞ւ Մոսկվայում զինադադարի պայմանավորվածությանը չի մասնակցել ԼՂՀ-ն
Լեռնային Ղարաբաղը ներգրավված է որպես կողմ, եւ կարծում եմ՝ 1994թ. հրադադարի մասին ստորագրված պայմանագիրն այսօր էլ գործում է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանը քայլեր չի ձեռնարկել, որ մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանն ապրիլի 5-ին Մոսկվայում մասնակցեր ղարաբաղյան կողմը:
«Պարզապես այն, ինչ ձեռք է բերվել մարտական գործողությունները կանգնեցնելու համար, ձեռք է բերվել համապատասխան միջնորդությամբ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը»,- պարզաբանեց ՀՀ ՊՆ նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը:
Պայմանավորվածության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, որը համապատասխան միջնորդությամբ դիմել էր Ռուսաստանի իշխանություններին:
