Ֆինանսական խնդիր իրոք չկա. հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքում, ու նրա մերձավորների գերդաստաններում
Այնպես որ, Արգամիչ, եթե կարող ես գնալ այդ քայլին ու վաճառել դղյակդ, ոտքդ կախ մի գցիր. Եթե մտքիդ իրականում կա. մի հապաղիր՝ շտապ վաճառիր...
Հայրենական արտադրության «լոլիկից ստացված գումարներով» հարստացած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իշխանության տարբեր մարմիններում գործունեություն ծավալող գործիչների ունեցվածքի մասին հարցին, ասել էր հետեւյալը. «Իշխանությունը որևէ մեկին չի հովանավորել, չի հովանավորելու, որ հարկեր չվճարի և ապօրինի հարստանա: Դեմ ենք, դեմ ենք եղել ու դեմ ենք լինելու նման գործելաոճին, յուրաքանչյուր նման դեպք եթե հայտնաբերենք, օրենքի խիստ պահանջով կպատժենք»։
Դիտարկմանը, թե իր անունն էլ է շրջանառվում ունեցվածքի հետ կապված, Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Ես կարծում եմ՝ ձեր հարցն անտրամաբանական է, անհիմն, և կոռեկտ չէ: Որևէ փաստ, դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, դիրքից՝ հարստություն է կուտակել: Չեմ լսել, որ որևէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կանգնի և ասի՝ վարչապետն այս ծրագրերն է իրականացրել, այս կամ այն մոնոպոլիան ունի և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի կամ քաղաքական ուժ նման հիմնավոր հարցադրում կանի, ես պատրաստ եմ պատասխանելու: Ապրիլի 13-ին լրացել է իմ՝ վարչապետի պաշտոնին նշանակման երկու տարին, և ես որևէ քայլ չեմ իրականացնելու, որ դրա համար ամաչեմ»: Հարցին՝ որտեղից իր ունեցվածքը, առանձնատները, վարչապետն ասել էր, որ այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է և հայտարարագրում կան դրանց աղբյուրները:
Մյուս հարցին՝ պատրա՞ստ եք վաճառել ձեր առանձնատունը, ունեցվածքի մի մասը, եթե անհրաժեշտ լինի բանակի միջոցների համար՝ Հովիկ Աբրահամյանն արձագանքել էր՝ասելով. «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ ֆինանսական խնդիր չունի՝ սպառազինությունով զինելու մեր բանակը: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք ձեր քայլերով, սուտ տեղեկատվությամբ: Դուք պետք է ճիշտ տեղեկատվություն տրամադրեք, փոխարենը մտածում եք սուր հարցերով ձեր հեղինակությունը բարձրացնելու մասին»:
Փաստորեն վարչապետ Աբրահամյանն այսքան ժամանակ պաշտոնավարելով տեղյակ չէ, որ հենց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով է, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ՝ սպառազինության հետ կապված: Արգամի'չ, բա եթե ֆինանսական խնդիր չունեինք, գործընկեր Մեդվեդեւի «ականջին ի ՞նչ էիք շշնջում »... Կարծեմ՝ նույն քարից հաց քամող ու փող սարքող, դղյակներ կառուցող Արգամիչն էր ապրիլի սկզբին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնելու Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը: «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման, ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պայմանագիրը ստորագրելու հարցում»,- ժամանակին ասել էր վարչապետ Աբրահամյանը:
Հիմա էդ ո՞ր կախարդական փայտիկի շնորհիվ, ազնվագույն ու մեծարգո թիվ մեկ վարչարարը, ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք ֆինանսական խնդիր չունենք, եւ որ իր դղյակն էլ, մեր մեջ ասած, վաճառքի հանելու կարիք չունի: Ախր Արգամի՛չ, բիզնեսը բիզնես ա. դու էլ էդ գործի գիտակ մարդ, հասկանում ես՝ (ով կարող է մաստեր-կլաս անցկացնել չիմացողների շրջապատում), զենք-զինամթերքը վաճառվող ապրանք ա: Լոլիկ չի, որ մնա՝ գնորդ չունենա: Եւ եթե մենք իսկապես գումարի խնդիր չունենայինք, ու պետության փողերն էլ տարիներ շարունակ քամուն տված չլինեինք, ապա զենք վաճառող երկրները, այդ թվում նաեւ մեր հազար տարվա գործընկեր Ռուսաստանը Հայաստանի պատվերներն էլ պարտաճանաչ կերպով տեղ կհասցներ:
Կյանքի բովով անցած մարդ եք, գիտեք հայտնի կանոնի մասին. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Բիզնեսն էլ ունի իր գրված ու չգրված օրենքները: Հիմա տես, Արգամի'չ, Ռուսաստանը զենք ա վաճառում, դու էլ լոլիկ, հիմա եթե դուք լոլիկի կանխիկ գնորդ ունենաք, եւ ունենաք գնորդ, ով ասում է, որ լոլիկը տվեք, կմեծանանք կաշխատենք, կտանք, էդ դեպքում դուք ո՞ւմ կվաճառեք Ձեր լոլիկը: Այնպես որ, Արգամի՛չ, իզուր էլ ոտքդ կախ ես գցում ու դղյակդ վաճառքի չես հանում: Հավատացած եղեք, որ եթե դուք գնայիք այդ քայլին եւ վաճառեիք Ձեր դղյակն ու Ձեր հովանու տակ հանգրվանածներից մի քանիսի դղյակները, ապա միանգամից Ձեր ուզած երաժշտությունը կպատվիրեիք...
Եւ վերջապես, Արգամի'չ ,եթե անգամ(օդում կախված լուրերի համաձայն) Ձեր անվան հետ կապվող Նորագավիթի գազալիցքավորման կայանի 500-ական դրամ չայեվոները տրամադրեիք, ապա չկասկածեք, որ այդ գումարներով հնարավոր կլիներ ոչ միայն հայոց բանակը սպառազինել, այլ նաեւ պետական գանձարանի ճեղքերը փակել: Հիմա Արգամի'չ, ի՞նչ է՝ուզում եք ասել փողը նաղդ տվել ենք, մեզ քաշում ու զենք չե՞ն տալիս:
Ես իհարկե հասկանում եմ, որ Արգամիչը յուրօրինակ գործիչների շարքին է դասվում, ով իր օրում ավետեց որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, եւ որի արտահայտած մտքերի բացառիկությանը կնախանձեին անգամ Հեգելն ու Բոնապարտը, բայց որ գոնե այս խառը օրերում սթափ հայտարարություններ անելու համար Արգամիչի իմիջ մեյքերները անելիք ունեն՝ ակնհայտ է: Հայաստանում, առավել մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կարելի է նաև պարզել, որ Հայաստանի նման մոնոպոլ տնտեսություն ունեցող և կոռումպացված պետություն աշխարհում այդքան էլ շատ չկա: Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարության կաբինետի պատասխանատուն լուծել է բացառիկ մտքեր արտահայտելու մենաշնորհի հարցը՝միանգամից փակելով ֆինանսական խնդիրներ ունենալու թեման: Իսկ ֆինանսական խնդիր իրոք չկա. հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքում ու նրա մերձավորների գերդաստաններում:
Եվ գուցե դա է պատճառը, որ երկրիս վարչապետը չի տեսնում որևէ սոցիալական ու ֆինանսական խնդիր այս երկրում...
Հ.Գ Հայոց բանակը լավ զինված է, այլ հարց է, որ տարբեր սերունդների սպառազինություններ կան: Եւ հիմա մեզ մնում է պարզել, եւ ջրի երես հանել, թե որտեղից են գոյացել օլիգարխների թանկարժեք մեքենաներն ու առանձնատները: Այնպես որ, Արգամիչ, ճիշտ եք ասում՝ առաջին հրատապ քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է և այդ փողերը բանակին ուղղելն է: Եկել է տարածը վերադարձնելու ճիշտ ժամանակը, որովհետեւ դրա կարիքը ամենաշատը ունի բանակը, որովհետև լավ սպառազինությունը նաև լավ փողեր է պահանջում: Շատերը գիտեն, որ Հայաստանում կան փողեր, որոնք դարձել են դղյակներ, հյուրանոցներ ու թագավորական պալատներ, որոնց շուտով Դուբայի շեյխերն անգամ կնախանձեն… Պաշտոնյաների հայտարարագրերը երբ նայում ես, պարզ երևում է, որ այդ փողերը չէր կարող միջին պետական չինովնիկը ունենալ: Ինչպես նաեւ հայոց բանակի ակունքներում փքված ու օլիգարխի «հացը կտրած» այն գեներալիտետը, ով նույն բանակի երակին նստած դղյակներ է կառուցում: Մի խոսքով՝ առանձնատունը Արգամիչից, մուշտակն էլ ՝ դոկտոր Ռուզաննայից:
Այնպես որ, Արգամիչ, եթե կարող ես գնալ այդ քայլին ու վաճառել դղյակդ, ոտքդ կախ մի գցիր. Եթե մտքիդ իրականում կա. մի հապաղիր՝ շտապ վաճառիր:
