Սրբապղծություն Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից գողացել են Արցախի օգնության համար հավաքված 3 մլն դրամն ու համակարգիչները
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից կատարված առանձնակի խոշոր չափի գողության փաստով: Անհայտ անձը կամ անձինք թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև համակարգիչներ: Ոստիկանության Կենտրոնական բաժինն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ քննչական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
