Նախիջևանի կողմում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել, բայց մերոնք վերահսկում են իրավիճակը. Կորյուն Նահապետյան
Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է:
«Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Ինչ վերաբերում է օրեր առաջ ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պատգամավորների հանդիպմանը, նա նշեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել բազմաթիվ խնդիրների, սակայն հաշվի առնելով հանդիպման փակ լինելը, ինքը չի կարող մանրամասներ հրապարակել:
