Գուրգեն Արսենյանի որդուն կալանավորել են ուժային կառույցի ներկայացուցչին խմբակային ծեծի ենթարկելու համար
Դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն՝ 21-ամյա Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ կալանավորման պատճառն այն է, որ Գուրգեն Գուրգենի Արսենյանը մի քանի այլ անձանց հետ խմբակային ծեծի է ենթարկել ուժային կառույցներից մեկի ներկայացուցչի: Ծեծի ընթացքում «բորդյուրով» խփել են գլխին:
Գուրգեն Արսենյանն արդեն հայտնել է, որ որդուն կալանավորելու դատարանի որոշումը բողոքարկվելու է:
«Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում նա մանրամասնել է, որ Երեւանի գիշերային ակումբներից մեկում որդին ընկերների հետ վիճաբանել է երեք անձանց հետ. «Սովորական վիճաբանություն է»:
Հավելել է, որ որդին չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից. «Ինքն արտերկրում էր, զանգել զգուշացրել էր քննչական մարմիններին եւ նաեւ ֆաքս էր ուղարկել, որ այսինչ օրը ես գալիս եմ: Նշված օրն ինքը եկել է, սահմանին ձերբակալվել: Հանկարծ չմտածեն, որ նա խուսափել է»:
