Ալավերդիում աղմկահարույց սպանության կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տեղի բնակիչ, 32-ամյա երիտասարդին, ով արդեն հատել է հայ-վրացական սահմանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողներն ու քննիչները որպես կասկածյալ որոնում են Ալավերդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Վարդան Փիրուզյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 19-ին Ալավերդի քաղաքում Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանին հրազենով սխանելու և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանին հրազենային վիրավորում պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ Վ. Փիրուզյանը հատել է հայ-վրացական սահմանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել եր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել էր Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել էին Երևան:
