Նոր Նորքում հաստաբուն ծառն արմատից, էլեկտրասյունը հիմքից տապալվել, ընկել է թանկարժեք BMW-ի վրա. ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը
Այսօր` մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ուժեղ քամու հետևանքով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի 25 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից, իսկ էլեկտրասյունը հիմքից պոկվել և ընկել է բակում կայանված BMW մակնիշի 68 OR 888 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են էլեկտրացանցի, գազի ծառայության աշխատակիցները և հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Իրավիճակին տեղում ծանոթանալու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կարգադրությամբ ժամանել էր իր տեղակալը` Արմեն Ալավերդյանը: Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը` դեռևս պարզ չէ, իսկ մասնագետները տեղում ասում էին, որ ճիշտ է` էլեկտրասյան հիմքը խորն է եղել, սակայն, հավանաբար, ցեմենտն ու ավազը մասնագետները «խալտուրա են արել», քիչ են օգտագործել, իսկ հիմքում չեն եղել արմատուրաներ: Ծառն էլ արմատից ամբողջովին փչացած է եղել:
