Պատրաստ եմ «կարիճ» Կարեն Գրիգորյանի ու իր պապայի՝ Մանվել Գրիգորյանի] հետ մտնել բանավեճի. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Էջմիածնի ընտրություններում ինքը որևէ թեկնածուի աջակցելու մասին չի հայտարարել՝ չնայած շրջանառվող այն լուրերին, թե նախկին պատգամավորը պաշտպանում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին:
Մեր զրուցակցի խոսքով՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որպես այդպիսին, գոյություն չունի. «Կա միայն Մանվել Գրիգորյանի ֆակտորը, ով էլ միանձնյա որոշումներ է կայացնում»:
Հակոբ Հակոբյանը կարծում է, որ այսօր Էջմիածնում տիրում է վախի մթնոլորտ. «Բայց Էջմիածնի բնակիչն այլևս չի ուզում վախեցած ապրել, այլ ուզում է ընդամենը ապրել իր հարևան քաղաքների բնակիչների նման»:
Իսկ ինչ վերաբերում է Կարեն Գրիգորյանի կողմից բանավեճի հրավերին, ապա մեր զրուցակիցն ասաց. «Կարեն Գրիգորյանը՝ Կարիճը, բանավեճի է հրավիրում և վիրավորում է ընտրողներին: Իրենց համար մահացու վիրավորանք է, որ կարող է որևէ մարդ իրենց բացերի մասին իրենց ճակատին ասել: Ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ իր և իր պապայի հետ մտնել քաղաքական բանավեճի մեջ»:
