«Դատարանը վճռել է, որ երեխայիս տան կերակրեմ, ԴԱՀԿ-ն ասում ա` կաթը սրվակով կարող ես տալ. ես ԴԱՀԿ-ում եմ կերակրում երեխայիս».VIDEO
«Տվեք ինձ իմ երեխային», «Կերակրման մեթոդների սահմանումը ԴԱՀԿ-ի խնդիրը չէ», «Կանալանք դրեք ԴԱՀԿ-ի աշխատավարձերի վրա», «ԴԱՀԿ-ի անգործությունը հանցագործություն է» այս և նման շատ պաստառներով կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մայրեր, ովքեր զրկված են իրենց երեխաների հետ մեկ հարկի տակ ապրելու հնարավորությունից։
«Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Լարա Ահարոնյանը Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ կան երեխաների խնամքի հետ կապված դատական բազմաթիվ վճիռներ հօգուտ մայրերի, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Նրա պարզաբանմամբ` երեխաները վճռով պետք է բնակվեն մայրերի հետ, բայց հարկադիր կատարողները իրենց աշխատանքը չեն կատարում իրականացնում են լիազորություններից դուրս գործողություններ:
Պատկերը նույնն է նաև մայրական կաթով կերակրելու վերաբերյալ վճիռների պարագայում: Մեզ հետ զրույցում կերակրող մայր` Լենա Հարությունյանը նշեց, որ երեխային կերակրում է կրծքով, ու թեև դատարանը վճռել է, որ փոքրիկին հանձնեն իրեն կերակրելու համար, վիճռը մասամբ է իրականացվում:
«Դատարանը վճռել է, որ երեխայիս տան կերակրեմ, ԴԱՀԿ-ը ասում ա` կաթը սրվակով կարող ես տալ: Ու ընդհանրապես, ես ԴԱՀԿ-ում եմ կերակրում երեխայիս: Հիմա էլ չգիտես թե ուր է երեխան, ու ասում են, թե մի երրորդ անձ, չգիտեն թե ուր է տարել: Եթե իմ դեպքում այդքան հետևողական են, որ հանկարծ չվերցնեմ երեխայիս ու չտանեմ, բա հիմա ինչպե՞ս չգիտեն, թե ուր է երեխաս»,-ասում է Լենա Հարությունյանը, ով վստահ է` ԴԱՀԿ-ը իր իրավասությունները չարաշահում է:
Մայրերը պահանջում են անհապաղ կատարել դատական վճիռները, որոնք օրինական ուժ են ստացել և մինչև օրս չեն կատարվել, պատասխանատվության ենթարկել հարկադիր կատարողներին, որոնք դրսևորել են կամայական մոտեցումներ։
«ԴԱՀԿ-ն միայն տուգանքների մասով է որոշումները արագ կատարում, երեխաների հարցով դրսևորում է կողմնակալ վերաբերմունք»,- Թագուհի Մանսուրյանը, ով եկել էր պահանջելու երեխայի հասանելիք ալիմենտ:
Հիշեցնենք, որ Թագուհի Մանսուրյանը, նրա հայրը և մայրը Շնեգավիթում նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանից կողմից կացնահարվել էին: Մայրը տեղում մահացել էր, իսկ Թագուհինն և հայրը ծանր վիճակով տեղափոխվել էին հիվանդանոց: Թագուհու խոսքով` մինչ այդ նախկին ամուսինը իրեն ենթարկել է բռնությունների:
ԴԱՀԿ ծառայության կամայականությունների պատճառով իրենց զավակներին խնամելու իրավունքից զրկված մայրերը կառավարության դիմաց տեղ էին զբաղեցրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի կողքին: Սևազգեստ մայրերը պահանջում են, որ իրենց որդիներին մահվան մեջ իրական մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ ուժով:
Մերժված մայրերը կառավարությանը կանգնել էին մեջքով:
Ա.Սահակյան
