«Այստեղ բոլորն էլ պարոն Սեդրակյանի մանկության ընկերներ են ու համաթաղեցիները, նենց որ ստեղ խառնելու տեղ չի»
Արդեն իսկ ուրվագծվում են, որ ապրիլ ամսին սպասվող խորհրդարանական ընտրությունները անցնելու են բավականին թեժ եւ լարված մթնոլորտում:
Թե՛ իշխանությունների ներսում, եւ թե՛ ընդհանրապես կուսակցությունների մոտ մտահոգություն կա, որ ռեյտինգային կոչված ընտրակարգը կարող է ոչ միայն միջկուսակցական լարվածության պատճառ հանդիսանալ, այլև կարող է թեժ մրցակցություն, անգամ թշնամանք առաջացնել նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև:
Իսկ այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ կարող ենք անկախատեսելի զարգացումների ականատեսը դառնալ...
Ինչեւէ, այլեւս փաստ է, որ հայտնի 41 ընտրատարածքները, որտեղ կուսակցություններն ու հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ էր առաջադրում և պատգամավորներ ունենում, ապա իրավիճակը հիմա մի փոքր այլ է:
Դրա փոխարեն, ներդրվել է ռեյտինգային ընտրակարգ, որը գրեթե նույնն է, ինչ մեծամասնականը՝ բայց մի տարբերությամբ: Այն է,որ եթե մեծամասնականի դեպքում ցանկացած քաղաքացի կարող էր ինքնառաջադրվել, ապա այս դեպքում այդ իրավունքն այլևս չկա: Կուսակցություններն իրենք են համամասնական ցուցակով առաջադրում ռեյտինգային թեկնածուներին:
Այսինքն, կլինեն առանձնացված 13 ընտրատարածքներ, որոնցից չորսը Երևանում, ինը Հայաստանի մարզերում:
Թե ինչ կստացվի ներքաղաքական այս աջաբսանդալի արդյունքում, իսկապես դժվար է ասել:
Իսկ թե ինչ նախընտրական տրամադրություններ են տիրում առայժմս Երեւանի այն չորս համայնքներում, որտեղ դժվար է ի վերջո տարբերակել, թե ով ում բարեկամն է, փորձեցինք պատկերը ի մի բերել բնակիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքում:
Քանի որ այս օրերին գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Էրեբունի համայնքում, փորձեցինք նախ եւ առաջ լսելու տեղի բնակիչների տեսակետը՝ ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
Էրեբունի համայնքի բնակիչների մոտ 20 տոկոսը ընդհանրապես անտարբերություն ցուցաբերեց առաջիկա ընտրությունների հետ կապված: Մի զգալի մասի համար էլ, էական չէր հաղթողը ԲՀԿ-ն կլինի, թե ՀՀԿ-ն:
Իսկ ահա այն թաղամասերում, որտեղ շատերը շահագրգռված էին երկրի ապագայով ու ընտրական պրոցեսներով, հստակ նշում էին, որ տարիներ շարունակ իրենք գնացել են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետեւից, եւ հիմա էլ շարունակելու են նույն ոճով: Օրինակ, միջին տարիքի մի տղամարդ, ով ի դեպ տարիներ շարունակ պատասխանատու պոստեր էր զբաղեցրել, նշեց, որ. «Ձեզ ասեմ իմանաք, որ Սեդրակյանը որպես հին երեւնացի, 90-ականներից հետո միակն ա՝ ով իր տեսակով, ապրած կյանքով ու իր սկզբունքներով, պահպանվել ա որպես Մարդ, Հեղինակություն, ու պատվով ապրած երեւանցի:
Էդ մարդը սիրում ա իրա երկիրը, իրա հողն ու ջուրը ու ամենաառաջինը՝ իր համայնքի բնակչին: Մհեր Սեդրկայանն էն մարդկանցից մեկն ա, ով սարի նման կանգնած ա իր բնակչի թիկունքին: Էդ Ազգային ժողովի դերասաններից շատերին նայեք, նայեք Սեդրակյանի նման մարդուն՝ ով իր ապրածով է ստեղծել իր անունը:
Ազիզ ջան, էս կյանքը հո մենակ, անկապ խոսալով չի ՞ : Էս կյանքում մարդկային ու բարոյական արժեքներ կան, որոնք պահպանել ա պետք:
Էս մարդը եւրեւանցու էն բացառիկ կերպարներից ա, ում խոսքը ամեն տեղ արժեք ունի: Իրա անունն ու հեղինակությունը՝ եւ պաշտոն ա, եւ մանդատ ա, եւ ամեն ինչ ա, պարզ ա՞: Ու հիմա էլ ինքը ինչ որոշում կայացնի՝ մենք իրա հետ ենք: Դե հիմա էդ ձեր մամուլները գրում են, որ ինքը կարողա ուրիշ ուժի միանա, բան, որ իրա որդին կարող ա գնա խորհրդարան՝ իրա փոխարեն, էդ մեր համար կապ չունի: Ինքը որտեղ էլ որ լինի՝ նա մեզ համար մնում ա Մհեր Սեդրակյան:
Էս մասկիրովկեքը քաղաքական՝ էդ ժամանակավոր նարկոզները, կարճատեւ կյանք կունենան: Խոսքս հիշեք:
Իսկ ինչ վերաբերում ա մեր Դավիթին՝ Սեդրակյան, ասեմ, որ մեր համայնքում նրան շատ են հարգում ու սիրում: Նա իսկապես լավ կրթություն ստացած տղա է, մեծի հետ՝ մեծ ա , փոքր հետ՝ փոքր: Կարգին տղուց ծնված կարգին տղայա՝ նամուս ու թասիբ ունեցող, ու կարեւորը շատ դաստիրակված ու շնորքով»:
Էրեբունի համայնքի մեկ այլ բնակիչ էլ, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, մեզ հետ զրույցում նշեց, որ. «Ազիզ ջան, մեր Սեդրակյանը, որտեղ էլ լինի մենք իրա խորհդին ենք հետեւելու: Ճիշտ է, դուք Մհեր Սեդրակյանի մասին վատ-վատ բաներ եք գրում, բայց մեկ ա ասեմ՝ իմացեք, որ ինքը լավ մարդ ա, հին տղայա բալես, գիտի ճիշտ ապրելու գինն ու արժեքը: Էսօր իրա տեսակի մարդկանց մատերի վրա չեք հաշվի: Որ նրա հետ մոտիկից շփվեն՝կհամոզվեն, որ ինքը ժողովրդի միջից դուրս եկած մարդ ա: Ինքը կյանքի ճիշտ կանոններով ա ապրում»:
Ի դեպ, համայնքի ակտիվ երիտասարդների մի հոծ բազմություն էլ, ովքեր տարբեր ընտրական կամպանիաների ակտիվ մասնակիցների շարքում էին եղել, իրենց հերթին նշում էին, որ ուզում է Պողոսը գնա՝ Պիլիպոսը գա, կամ խիստ հակառակը՝ մեկա իրանց համար գլխավոր խաղացողը՝ համայնքի գլխավոր դեմքը շարունակելու է մնալ Մհեր Սեդրակյանը: Մենք հասկանում ենք, թե հիմա որը-որից հետո ա, ու ինչ շոու-մուուներ են էս օրերին արվում, բայց էդ մեկ ա մեր համար կապ չունի, քանի որ ընտրություններից հետո բոլորն էլ, որպես տղա իրար դեմ դիմաց են կանգնելու ու ամեն մարդ պատասխան ա տալու իր արած ու չարած սխալի ու նաեւ ճշտի համար:Այստեղ բոլորն էլ պարոն Սեդրակյանի մանկության ընկերներ են ու համաթաղեցիները, նենց որ ստեղ ֆռիկներ անելու ու խառնելու տեղ չի»:
Համայնքում սպասվող հնարավոր քաղաքական զարագացումների, ինչպես նաեւ այլ համայնքներում տիրող տրամադրությունների շուրջ՝ կխոսենք հաջորդիվ:
Պատրաստեց՝ Աննա Ավագյանը
