Մուրադ Մուրադյանը պետք է պատժվի առաջին հերթին հենց ՀՀԿ-ի ներսում կուսակցության վարկանիշը խարխլելու համար
Այն, որ ռեյտինգային ընտրակարգը լարված մրցակցություն է ստեղծել , հատկապես` ՀՀԿ թեկնածուների միջև` փաստ է, բայց փաստ է նաև այն, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու մյուս քաղաքական լիդերները խնդիր են դրել նոր որակի ընտրություններ անցկացնելու ժողովրդավարության և արդար ընտրությունների նկատմամբ վստահությունը և՛ Հայաստանի քաղաքացիների, և՛ միջազգային հանրության մոտ բարձրացնելու համար: Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարող հանդուրժել նախընտրական քարոզարշավի և ընտրությունների որակի վրա ազդող որևէ ոտնձգություն, նույնիսկ` սեփական անդամների կատարմամբ:
Եթե մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Մուրադ Մուրադյանը Մասիսում շտաբ բացելու համար հրահանգել է ծեծի ենթարկել մեկ այլ ՀՀԿ-ականի` Արարատի մարզի ՀՀԿ-ի ֆավորիտ համարվող Արայիկ Գրիգորյանի համախոհներին, ապա միանշանակ Մուրադ Մուրադյանը պետք է պատժվի առաջին հերթին հենց ՀՀԿ-ի ներսում կուսակցության վարկանիշը խարխլելու համար, ինչն էլ դաս կլինի մյուս ՀՀԿ-ականներին:
Եթե նման մարդիկ մնան անպատիժ` նոր որակի ընտրություններ ունենալու գաղափարը իրականություն չի դառնա, քանզի խորհրդարանում ոչնչով աչքի չընկած, բայց ամեն գնով խորհրդարան մտնել ձգտող` Մուրադ Մուրադյանի պես ապաքաղաքական գործիչները, իրենց անձնական ամբիցիաների համար հաստատ կհարամեն գալիք խորհրդարանական ընտրությունները:
