Գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը՝ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու, իր ընտանիքի, եւ անցած ճանապարհի մասին
Fnews.am-ի Իրականում խորագրի հյուրը՝ գեներալ-լեյտենանտ, Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է, ով Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից է:
Ծնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում.
Կրթությունը՝
1969թվականին ավարտել է Աղինի միջնակարգ դպրոցը,
1969-ին ընդունվել և1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։
Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Աշխատանքային գործունեությունը՝
1974-1976թթ. – աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում որպես դասատու .
1976-1980թթ. – ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա 2-րդ քարտուղար
1980-1985թթ. – տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի /ՊԱԿ/ Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա ավագ օպեր-լիազոր
1985-1991թթ. – զբաղեցրել է ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը
1991-1992թթ. – զբաղեցրել է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը
1993-1996թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ
1996-1997թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետ
1997-1999թթ. – նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երևանի քաղաքային վարչության պետ
1999-2003թթ. – ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը
2003-2007թթ. - Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
2007 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական
2007 թվականի նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։
2016 թվականի հունիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի, հինգ թոռնիկ՝ երեք աղջիկ, երկու տղա։
Կարեւորի մասին.
Վարկանիշային թեկնածու՝ Ֆելիքս Ցոլակյանը իր քարոզարշավը սկսելուց առաջ հանդես է եկել համերաշխության կոչ պարունակող նախընտրական ուղերձով, որն ուղղված էր թե՛ ընտրողներին, և թե՛ իր քաղաքական մրցակիցներին։ Նա մասնավորապես ասել է. «Սիրելի՛ շիրակցիներ, ես նորից եկել եմ Շիրակ, եկել եմ այլ նպատակով, ես առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու, ուզում եմ հորդորել բոլորիդ՝ և՛ թեկնածուներին, և՛ ընտրողներին, որպեսզի բոլորս լինենք ուշադիր և խուսափենք որևէ արտառոց, մեզ ոչ հարիր երևույթից։ Ես կուզենայի կոչ անել բոլորիս լինել հաշտ, գտնել համերաշխության և հաշտության եզրեր․ բոլոր հարցերը լուծելի են, բոլոր հարցերը կարելի է լուծել մարդկային խոսքով, մարդկային շփումներով։ Ես ակնկալում եմ բոլորիս կողմից ճիշտ վարքագիծ, որը կնպաստի, որպեսզի Շիրակի հեղինակությունը, մեր ժողովրդի հեղինակությունը լինի այն բարձրության վրա, որ միշտ եղել է»։
Իսկ թե իրականում ի՞նչ տրամադրություններ են տիրում նախընտրական Գյումրիում,ապա մեր զրուցակցի դիտարկմամբ.
-Այս ընտրությունները հետաքրքիր են լինելու: Նոր ձեւ է, նոր մեթոդներ են: Եւ կարծում եմ՝ հետաքրիքր ընտրապայքար է սպասվում:
-Ասում են Շիրակի մարզում գլխավոր խաղացողներից մեկը հենց դուք եք...
-Գլխավոր, երկրորդական, երրորդական… ոչ մեկին էլ չէի տա այդ դերը: Բալորն էլ խաղացող են՝ ամեն մեկն իր ձեւով:
Այս պահին որեւէ մեկը չի կարող իրեն գերադասել, որովհետեւ իրավիճակն այնպիսին է, որ բոլորն էլ շանսեր ունեն, հնարավորություններ ունեն եւ բոլորն էլ պայքարելու են: Չեմ տեսնում մեկին՝ որ չի պայքարելու :
-Կիսում ե՞ք այն տեսակետը, որ Ձեր անձով եւ Ձեր անցած ճանապարհով պայմանավորված մարզում շատերը, այսպես ասած կաշկանդված են…
-Դե որ կամ, դա խանգարող է շատ-շատերին բոլոր առումներով: Բայց իմ ներկայությունը նաեւ օգնող է այն իմաստով, որ ես լինելով թիմային մարդ աշխատելու եմ թիմի համար եւ թիմի հետ: Առանձնացնել որեւէ մեկի դերը, մեկին առաջ գցելու, կամ հետ գցելու ճիշտ չէ: Վերջին հաշվով ժողովուրդն է ընտրելու եւ ժողովրդի քվեով է որոշվելու՝ ով ինչ հնարավորություն ունի, կամ որքան ձայն կարողացավ ստանալ:
Միանշանակ պնդել, որ շատ խաղաղ հանգիստ ընտրապայքար է, ապա արտաքնապես դա այդպես է, բայց ներքին լարվածություն՝ ինչ խոսք կլինի, քանի որ բնական է մրցապայքար է, ու ամեն ինչ էլ հնարավոր է:
Կուզենայի որ մեկը-մյուսին գոտկատեղից հարված հասցնելուց խուսափեր, որի արդյունքում կլինի համերաշխություն, հաշտություն, որն իմ հիմնական դեվիզն է...
-Իսկ ի՞նչ էպետք անել ներքին լարվածությունը թուլացնելու համար: Մենք տեսանք, թե այս մի քանի օրվա ընթացքում իրար հերթ չտվող քանի միջադեպ տեղի ունեցավ:
Թեկուզեւ պաշտոնական հաղորդագրության համաձայն ասվեց, որ այդ ամենը նախընտրական կամպանիայի հետ որեւէ կապ չուներ:
-Դե այդ դեպքերի հետ կապված՝պաշտոնական գնահատական արդեն իսկ տրվել է: Ես կուզենայի հատուկ ընդգծել, որ ցանկացած ներքին լարվածություն չպետք է խանգարի առողջ եւ համերաշխ մթնոլորտում ընտրություններ կազմակերպելու:
Կուզենայի որ մեկը-մյուսին գոտկատեղից հարված հասցնելուց խուսափեր, որի արդյունքում կլինի համերաշխություն, եւ հաշտություն, ինչն իմ հիմնական դեվիզն է:
Ես հաշտության եւ համերաշխության կոչ եմ անում:
Մեր կյանքը ապրիլի 2-ով չի վերջանում. Կա ապրիլի 3, 4, 5, ու էլի կյանք...Մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ միայն ապրիլի 2-ով չի որոշվում: Ընտրապայքար է՝ պիտի լինի մրցակցություն, բայց առողջ մթնոլորտում:
-Վերջին տարիներին Հայաստանի երկրորդ քաղաքի անունը տալուց մարդիկ հաճախ են ավելացնում են նաեւ «կրիմինալ» ածականը: Քանի որ աղմկահարույց սպանություններն ու ավազակությունները այս քաղաքում վերջին տարիներին համեմատաբար հաճախ են պատահում: Մինչդեռ այս քաղաքում թեւածում է այստեղ ապրած մեծ արվեստագետների շունչը: Ի՞նչ է պետք անել՝այդ պիտակից ազատվելու համար:
-Կրիմինալ արտահայտության հետ ես համաձայն չեմ, եւ այդ մասին ես խոսել եմ բազում անգամներ:Միշտ էլ ասել եմ, որ դա ինչ-որ մի տեղ հորինովի՝ սարքովի բան է:Միշտ էլ ասել եմ.դրեք համեմատություն անցկացրեք մյուս մարզերում կատարված հանցագործությունների հետ: Համեմատեք վիճակագրությունը.եթե համեմատեք՝ կտեսնեք որ առանձնապես մեծ տարբերություն չկա: Երկրորդ՝ չմոռանանք, որ Շիրակի մարզում է գտնվում Գյումրին, որը ՀՀ-ի երկրորդ քաղաքն է: Բնական է, այստեղ քաղաքային կենցաղ կա, իսկ դա նշանակում է, որ այստեղ էլ հանցագործությունների բնույթը կարող է տարբեր լինել:
Այսինքն հանցագործության այն տեսակը, որը կատարվում է Գյումրիում, երբեք չի կարող կատարվել մի որեւէ այլ համայնքում: Դրա համար այդ համեմատությունները որ անեք՝ կտեսնեք, որ այդ արատահայտությունը՝ «Կրիմինալ Գյումրի» տեղին չէ: Իսկ ո՞ր քաղաքում հանցագործություն չի լինում: Կամ ի՞նչ է. 60-ական թթ-ին Գյումրիում հանցագործություններ չէի՞ն լինում: Լավ էլ լինում էր:
-Պարոն Ցոլակյան, Ձեր կարծիքով գյումրեցին, ո՞ր կարագախոսի հետեւից կգնա այս անգամ, եւ դուք որպես թեկնածու ի՞նչ խոսք ունեք ասելու գյումրեցիներին, որոնց կարելի է ասել մեկ առ մեկ ճանաչում եք...
-Ես ընդամենը մի բան կասեմ.գյումրեցին քվեախցիկին մոտենալուց առաջ մտածի՝ նոր իր ընտրությունը կատարի:
Մտածելու դեպքում՝ճիշտ եզարահանգման կգա, եւ չի սխալվի:
-Ըստ Ձեզ գյումրեցիները իրենց տեսակով ի՞նչ առանձնահատկություններ ունեն, եւ ո՞ր դեպքում է, որ գյումրեցու համար նյութականը կարող է երկրորդ պլան մղվել:
-Հասկացա՝ ինչ եք ակնարկում: Բնութագրեմ ինչպիսին է գյումրեցին.բավականին ուղղախոս, ուղղամիտ, սրամիտ, մի հատկանիշ, որը ես մարդու մեջ շատ բարձր եմ դասում:
Սրամիտ մարդն ինձ համար ընդունելի տեսակ է: Գյումրեցիները իրենց բնավորությամբ նաեւ բավականին չոր են. դուր գալու, հաճոյանալու բնավորություն չունեն: Եթե մեկը նման բան անի ու կողքինները տեսնեն դա, ապա բավականին տհաճ բան կստացվի այդ մարդու համար: Կա էս բաները...Գյումրեցին՝ թասիբով է, հարգանքով ու իր արժեքը իմացող:
-Խոսենք Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի, Ձեր ծնողների ու Ձեր արմատների մասին: Ովքեր են Ցոլակյանները:
-Ցոլակյանները ծնվել, հաստատվել ու իրենց դրսեւորել են Անիի շրջանի Ներքին Ջրարփի համայնքում:
Հայրս, մայրս մանկավարժներ են եղել: Յոթ երեխա են ունեցել՝հինգ տղա երկու աղջիկ:
-Փաստորեն իրականցրել են մեր պապերի՝ յոթ որդով սեղան նստելու պատգամը:
-Այո մենք ավանդական, նահապետական ընտանիք ենք:
-Ո՞վ է ընտանիքի ավագը, եւ ո՞վ դարձավ «չեմպիոն»՝Ցոլակյանների ընտանիքում:
-Դե ընտանիքի մեծը ես էս էի, իսկ մեծը միշտ էլ չեմպիոն է: Մեծին պետք է մյուսները լսեն, ու խորհուրդ հարցնեն:
-Իսկ հաճախակի ե՞ն լինում առիթներ՝ խորհուրդներ տալու, կամ ուղիղ ճանապարհի տեղը ցույց տալու համար:
-Խորհուրդ եմ տալիս, որ չափը չանցնեն, եւ ամեն քայլ անելիս՝ նախ մտածեն, հետո իրագործեն:
-Ինչպիսի՞ ընկեր է Ֆելիքս Ցոլակյանը:
-Լավ:
-Ի՞նչը չեք ներում ընկերության մեջ:
-Դավաճանությունը:
-Իսկ ի՞նչն եք գնահատում ընկերության մեջ:
-Սրտացավությունը, հոգատարությունը:
-Եթե կյանքի անիվը հետ տայիք, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում: Կա՞ն էջեր, որոնց համար ափսոսանք եք ապրում:
-Շատ բաներ կան...չեմ ասի:
-Իսկ եղել ե՞ն որոշումներ, որոնց համար երբեւէ փոշմանել եք:
-Ինչու չէ:
Բարությունը՝ ուժեղության հատկանիշ է...
-Ասում են՝ որքան խիստ եւ պահանջկոտ եք Ձեր տեսակով, այնքան էլ ներողամիտ եք...
-Ցավոք սրտի այսօր մեր հասարակության մեջ բարությունը շփոթում են ուրիշ բանի հետ: Ես գիտեմ, որ բարությունը բարձր արժանիք է մարդու համար: Շատերը բարությունը համարում են հատկանիշ, որը կարող է գործիդ օգուտ չտալ ,բայց ես դեմ եմ դրան: Որովհետեւ վստահ եմ, որ բարությունը ուժեղ մարդկանց մոտ է ընդգծված: Ու բարությունը՝ ամեն մարդու չէ որ տրված է:
-Շեքսպիրն էլ էր ասում, որ. «Ես երբեք չեմ ափսոսա նրա համար, որ բարի գործ եմ արել»: Բայց այսօր այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ երբեմն էլ ստիպված ենք լինում ափսոսալ...
-Համաձայն եմ, ճիշտ եք: Այդ սահմանը միշտ պետք է լինի: Աշխատանքի մեջ՝ առավել եւս:
Կյանքում բարությունը կարող է լինել անսահման, բայց ոչ աշխատանքային գործունեության մեջ: Այդ դեպքում կա տեղ ՝որտեղ կանգնել է պետք:
Իսկական ընկերոջ, իսկական հարազատի դեպքում, ով քեզ կարողանում է տեսնել ու գնահատել, նրա հանդեպ կարող ես անսահման բարի լինել:
-Պարոն Ցոլակյան, տարիներ շարունակ լուրջ եւ պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել իրավապահ համակարգում, եւ ոչ միայն: Որքանո՞վ է պաշտոնը կարողացել Ձեզ փոխել:
-Ես կադրից դուրս եւ ներս՝ նույն Ցոլակյան եմ՝ ուղղախոս ու ուղղամիտ: Ես ոչ իմ ընկերներին եմ փոխում, ոչ էլ իմ հարեւաններին ու հարազատներին:
Ես արդեն առիթ ունեցել եմ այդ մասին խոսել ու ասել եմ, որ այսօր շատ վատ են դարձել այդ հարեւանական հարաբերությունները: Հիշում եմ. Արարատում մի տանն էինք ապրում, մոտ 8 բնակարան ունեցող շենք էր՝ երկու հարկանի, (հիմա էդ շենքի մարդիկ որ կարդան` կծիծաղեն) բոլորը գիտեին, թե իմ տանը ինչ ճաշ կար եփած: Կարծում եմ՝շատ հարցերի միանգամից պատասխանեցի:
-Այսինքն Ձեր օջախում կարողանում են հաց կիսել:
-Մեր տանը, հիմա էլ ասում են՝ «պրախադնոյ դվոռ»: Ոորովհետեւ մեր բակում ամենաքիչը 20-30 մարդ պետք է լինի մշտական, ու ամեն օր: Ուրեմն մի անգամ Երեւանից քեռուս հետ գյուղ էի գալիս, քեռիս ասեց թե՝ Ֆելիքս ձեր տանը հիմա ինչքա՞ն մարդ կլինի: Ասեցի չգիտեմ.մենք գիտեինք, որ միշտ մեր տանը մարդաշատ է: Հաշվեցինք՝ տեսանք տանը 30 մարդ կա, որ ամեն օր էդ տանը քնում-արթնանում են...Մեր տներում միշտ էդպես է եղել: Ու քանի որ մեծը ես եմ, միշտ մեր տանն են հավաքվում:Մեր տանը ամեն մեկն իրեն շատ ազատ է զգում:
-Չնայած Ֆելիքս Ցոլակյանի հայտարարած կարգապահությանը...
-(Ծիծաղում է) Սխալ բաներ թող չանեն: Անշնորհք բաներ չանեն` ամեն ինչ նորմալ է:
-Ովքեր ե՞ն Ձեր զավակները :
-Զավակներս երկուսն են՝ տղա եւ աղջիկ: Երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել. աղջիկս՝ բանասեր է, տղաս՝ պատմական գիտությունների թեկնածու:
-Իսկ ո՞վ է Ֆելիքս Ցոլակյանի կինը:
-Իմ կինը, ինչպես իմ ընկերներ են ասում՝ դեկաբրիստի կին է…
-Իսկ ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր կնոջը:
-Գաղտնիք է, թող մնա գաղտնիք:
-Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:
-Տաք տեղ է:
Զրուցեց՝ Գայանե Զարգարյանը