ԿԸՀ-ն մերժել է «Հյուսիսային դարպաս» կազմակերպության ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելու դիմումը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հյուսիսային դարպաս» հասարակական կազմակերության 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդների հավատարմագրման մասին դիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` կազմակերպության կանոնադրությունը հաստատված է 2016 թվականի ապրիլի 14-ին եւ պետական ռեգիստրում այն գրանցվել է 2016 թվականի ապրիլի 28-ին:
«Քաղաքացիական օրենսգրքի եւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի համաձայն` կազմակերպության իրավաունակությունը ծագում է պետական գրանցման պահից: Ընտրական օրենսգիրքը հավատարմագրվելու իրավունք է ընձեռում միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ որոնք չեն աջակցում ընտրություններին մասնակցող կուսակցություններին հավելեց ԿԸՀ նախագահը:
