Աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը. Վարդան Արամյանը վարչապետի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու կոչի մասին
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հորդորին: «Արտակարգ ռեժիմը բառիս բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված օրական ութ ժամ ռեժիմով, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,-ասաց Վարդան Արամյանը և նշեց, որ իրականցվելու են իրենց առաջ դրված խնդիրը:
«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ շատ ավելի բարձր նշաձող ենք վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարող է իրականացվել, դրա համար մենք պարտավոր ենք աշխատել շատ ավելի երկար»,-հավելեց նա:
Անդրադառնալով վերջերս նկատվող գնաճին՝ ֆինանսների նախարարն ասաց. «Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակի, այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆլացիա և շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ չորս տոկոսանոց գնաճ. դա նաև նպաստելու է տնտեսական աճին»: Նա նշեց, որ դա տնտեսագիտական կատեգորիա է և շատ նորմալ է, որ միջնաժամկետում հետ գանք չորս տոկոսանոց թիրախին: Նա ասաց, որ գնաճի վրա ազդում են տարբեր ցուցանիշներ՝ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները և ներքին տնտեսությունում պահանջարկի շուկան:
