Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մակրոնին. Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն զարգանալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի եւ երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը եւ մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ եւ խորանալ:
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարեւոր եւ շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը։
Մեծապես կարեւորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը:
Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի եւ բարօրության:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
