Որ թուրքի գյուլլա դիպած լիներ, էդքան սրտիս դարդ չէր լինի. Տավուշում սպանված զինծառայողի մայրը մնաց մենակ.VIDEO
Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ` 19-ամյա Գագիկ Մեսրոպյանին Սյունիքի մարզի Տեղ գյուղում բոլորն էին սիրում: Տղան աչքի է ընկել իր գիտելիքներով, վարքով, ընկերասիրությամբ:
Գագիկը տան միակ երեխան էր: Նրա մայրը՝ 57-ամյա Հրանուշ Մելքոնյանը, ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հոդերի հետ կապված խնդիրներ ունի և ի վիճակի չէ տեղաշարժվել: Գագիկի հայրը՝ Առուշ Մեսրոպյանը, մահացել է 2 տարի առաջ՝ թոքերի հիվանդությունից:
Զինծառայողի հարազատները պատմում են, որ տղան դպրոցն ավարտելուց հետո իր ուժերով ընդունվել էր Գորիսի պետական համալսարան և առաջին կուրսից զորակոչվել բանակ: Գագիկը մտադիր էր բանակից վերադառնալուց հետո հեռակա ուսուցմամբ շարունակել կրթությունը, որպեսզի աշխատեր և հոգ տաներ մոր մասին: «Ասում էր՝ մա'մ ջան, գամ, կփոխեմ հեռակա, կաշխատեմ, տները կսարքեմ, ուրիշից կախում չենք ունենա»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկի մայրը:
Տիկին Հրանուշը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է դեպքի նախորդ օրը՝ մայիսի 9-ի առավոտյան: «Զանգեց, մի բառ է ասել՝ մա'մ, զարյադկեն նստում ա, լավ եմ, մի մտածի, 2 օր հետո կզանգեմ»,- պատմեց մայրն ու հուզված շարունակեց. «Որ թուրքի գյուլլա դիպած լիներ, էդքան սրտիս դարդ չէր լինի»:
