Մինչ մամուլը ահազանգում է անտառը հատելու մասին, պատկան մարմինները մուշ-մուշ քնած են իրենց գործին ...VIDEO
Սեպտեմբերի 9-ին «Ֆորում» մամուլի ակումբում շրջակա միջավայրի պահպանման, կանաչ տարածքների ոչնչացման ու ծառահատման խնդիրների շուրջ խոսեցին բնապահպան Կարինե Դանիելյանը, եւ հասարակական գործիչ՝ Սիլվա Ադամյանը:
Սիլվա Ադամյանը մտահոգություն հայտնեց, որ այս ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան.սկսած կանաչ տարածքների ոչնչացումից վերջացրած այս օրերին դարձյալ արդիական դարձած ծառահատումներից, որոնց սկիզբն ու վերջը, ըստ էության այդպես էլ չի երեւում:
«Մենք ունենք լուրջ խնդիր: Օրինակ, վերցնենք Երեւան քաղաքը, կանաչ տարածքները յոթանասուն տարի շարունակ պետության կողմից, որ ստեղծվել են, հիմա ոչնչացված են, շատ դեպքերում մնացել են փոքր ծառեր են: Երեւանը մի կլիմայական զոնայում է, որտեղ շատ քամիներ են լինում, միշտ փոշի կա: Պատճառն այն է, որ չունենք կանաչ ծածկույթ, որը պահպանի քաղաքը փոշուց: Ժամանակին ճարտարապետները այդ ամենը հաշվարկել էին: Օրինակ, Մոնումենտի անտառը եւ մյուսները հատուկ ստեղծված էին որպես պաշտպանիչ գոտիներ: Այդ տարածքներում առանձնատներ կառուցած մարդիկ մտածել են լավ կտորներում առանձնատներ ունենալ ու վայելել: Նրանք չեն մտածում կանաչ տարածքների մասին»: Նա ասաց, որ վերջերս անցնելով Դիլիջանի կողմերով, իր աչքով է փայտ բարձած մի քանի մեքենա տեսել:
Հարցին, թե վերջերս էլ մամուլում ակտիվ հրապարակումներ եղան Տավուշի մարզի Արծվաբերդի Անտառտնտեսությունում իրականացվող ծառահատումների մասին, որի առթիվ պատկան մարմինների կողմից այդպես էլ քար լռություն է նկատվում, տիկին Ադամյանը նշեց.
«Հիմա նորաստեղծ տեսչություն կա, որը պետք է զբաղվի նման խնդիրներով: Քանի որ մեզ մոտ այնքան է խորացել ամեն ինչը, լուծման համար տարիներ են պետք: Օրինակ Թեղուտի հանքավայրի օրինակը բերեմ: Ժամանակին այնտեղ այնպիսի կուսական անտառ էր, հրաշք անտառ: Երբ փորձագետներով բարձանում էինք այն տեղը, որտեղ հանքը պետք է լիներ, ապշում էին, թե ոնց ձեռքները կգնա վերացնել անտառը: Բայց փաստորեն ձեռքները լավ էլ գնաց: Մենք չենք տեսնում համապատասխան նախարարությունների կողմից խնդիրների կարգավորումը: Ես կփորձեմ խնդիրները միշտ բարձրացնել եւ տանել վերջնակետ՝ որպես մտահոգ անձ եւ բնապահպան: Հասկացանք, որ հկ-ները ահազանգում են, բայց չէ որ ունենք պետական մարմիններ, որոնք պետք է դրանով զբաղվեն»:
Այլ մանրամասներ՝ Fnews.am-ի տեսանյութում:
