Կվերանա՞ն կասկածները, եթե հրապարակվեն Վիգեն Սարգսյանին տրված տարկետման փաստաթղթերը. Նախարարի պատասխանը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում խոստացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների դռնափակ նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Սակայն նիստի կեսից Աժ ներկայացուցիչների միջոցով դրսում իրեն սպասող լրագրողներին լուր ուղարկեց, թե չի կարող խոստումը կատարել՝ ժամանակի սղության պատճառով։ Նիստից հետո, այնուամենայնիվ, լրագրողները փորձեցին հնչեցնել հարցերը, ինչին ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց՝ պատասխանելու է միայն մեկ հարցի, որը մինչ օրս չի հնչել։ Լրագրողներից մեկը, հղում անելով «Ելք»-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումին, հարցրեց, որ եթե հրապարակվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել նախարարին 1993-2000 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար, կվերանա՞ն կասկածները, որ նախարարը խախտումներով չի ստացել տարկետման իրավունքը: Նախարարը պատասխանեց՝ «Այո՛, կվերանան» եւ արագ հեռացավ: Նշենք, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին՝ 1993-2000 թվականը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»։
