Կոնյակի շշով, բայց ոչ կոնյակ. շուկայում հայտնվել է խմիչք՝ «թունդ ալկոհոլային ըմպելիք» անվամբ (ֆոտո)
Շուկայում հայտնվել է խմիչք՝ «թունդ ալկոհոլային ըմպելիք» անվամբ, սակայն տեսքով ամբողջովին նման է կոնյակի, իսկ գնային քաղաքականությունն այնպես է, որ ունի կոնյակի կես գինը։ Այս մասին ՏՄՊՊՀ-ի՝ Տավուշի մարզ այցելության շրջանակներում գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան»-ի տնօրեն Ատոմ Եգորյանը:
Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ խնդիրը արդիական է եւ գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում. «Կան տնտեսվարողներ, որոնք զբաղվում են կոնյակին շատ նման խմիչքների արտադրությամբ, ընդ որում դրանք նման են կոնյակի թե՛ արտաքին տեսքով, թե՛ պիտակով, թե՛ գույնով եւ թե՛ չափերով, ուստի սպառողները կարող են մոլորության մեջ ընկնել, թեկուզ պիտակի վրա նշված է հայկական թունդ խմիչք, հայկական օրիգինալ խմիչք, սպիրտային խմիչք եւ այլն։ Մինչդեռ հայկական օրենսդրությամբ կարգավորումներ չկան նման խմիչքների մասով։ Այն ապրանքները, որոնք խաղողի սպիրտից չեն պատրաստվում, պիտի ունենան համապատասխան անուն։ Համապատասխան կանոնակարգում պիտի կատարել ոլորտում, որպեսզի սպառողը վստահ լինի՝ որն է կոնյակ եւ որն՝ այլ խմիչք»:
Շաբոյանի խոսքով, հաճախ հենց կոնյակ արտադրողները միաժամանակ այդ խմիչքների արտադրող են հանդիսանում։ Ատոմ Եգորյանը ներկաներին ցուցադրեց հայաստանյան հայտնի արտադրողներից մեկի կողմից արտադրվող հայկական օրիգինալ խմիչքը՝ որպես ասվածի ցայտուն ապացույց: