Քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինգրքույկներում նշումներ չանելու վերաբերյալ գործերը գնում են դատարան. 1IN.AM
Թեև ապրիլյան քառօրյա պատերազմից 1.5 տարուց ավելի է անցել, սակայն քառօրյային մասնակից զորացրված մի շարք զինծառայողներ չեն կարողանում հասնել նրան, որ իրենց զինգրքույկներում համապատասխան նշումներ կատարվեն։ Նրանցից ոմանք արդեն դատական ճանապարհով են փորձում հասնել դրան, ոմանք էլ դեռևս փորձում են զինկոմիսարիատներում հարցը լուծել, որը, ի դեպ, շատ դեպքերում այդքան էլ հարթ չի անցնում։
Քառօրյա պատերազմի մասնակից մի զինծառայող, չցանկանալով, որ իր անունը հրապարակվի, պատմեց, որ զինկոմիսարիատներում պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումները առաց խոչընդոտի կատարվում են միայն այն զինծառայողների դեպքում, ովքեր այդ օրերին հրետանավոր են եղել։ Մնացածի դեպքում նշումը կատարվում է որոշակի գումարի՝ 300-600 ԱՄՆ դոլարի դիմաց։
Զինվորական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերը ակնհայտ հանցագործության դրսևորումներ են, և տվյալ զինվորականը կարող է հանգիստ դիմել իրավապահ մարմիններին այդ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Ինչ վերաբերում է առհասարակ զինգրքույկներում կատարվող նշումների վերաբերյալ այս աղմուկին, պարոն Նորիկյանը նշեց, որ այդ աղմուկն ու խառնաշփոթը առաջացավ այն բանի պատճառով, որ քառօրյա պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի վերաբերյալ որոշակի արտոնություններ սահմանվեցին։
«Այդ արտոնությունը այդ կատեգորիայի անձանց համար որոշակի հետաքրքրություն առաջացրեց այդ դաշտում, և անհրաժեշտ էր իրավակարգավորում։ Իմ հավաստի տեղեկություններով՝ առկա է Գլխավոր շտաբի պետի համապատասխան հրաման ապրիլյան պատերազմի մասնակիցների զինվորական գրքույկներում մասնակցելու վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրելու մասին։ Բայց նաև այս տեղեկություններից զատ՝ լրացվում էր նաև այդ օրերին մարտական հերթապահություն իրականացնելու մասին տեղեկությունը, ինչը շատ դեպքերում շփոթմունքի տեղիք է տալիս։ Հետևաբար անհրաժեշտ է տարբերակել մարտական հերթապահության իրականացման և ապրիլյան պատերազմին մասնակցուլու կարգավիճակները։ Ապրիլյան պատերազմը ընդունված է համարել ապրիլի 2-6-ը, իսկ դրանից հետո մեր զորքերի գերակշիռ մասը իրականացրել է մարտական հերթապահություն, որը բոլորովին այլ կարգավիճակ է»,-ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ եթե դեռ կան անձինք, որոնց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չկա, կարող են դիմել իրենց՝ իրավական օգնություն ստանալու համար, կամ կարող են դիմել իրավասու մարմիններին՝ պահանջելով կատարել համապատասխան գրառում։ «Իսկ եթե այդ գրառումը չի կատարվում, և դրա անվան տակ ենթադրյալ հանցագործություն է կատարվում, դրանով արդեն պետք է զբաղվեն իրավապահները»,- նշեց փաստաբանը։
Նորիկյանը նշեց, որ այս ընթացքում իրեն դիմել են զինծառայողներ, ովքեր անձամբ չեն մասնակցել ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածի գործողություններին, բայց դրանից հետո 3 ամսից ավելի նշված տարածքներում, որտեղ տեղի էին ունեցել մարտական գործողությոններ, իրենք իրականացրել էին մարտական հերթապահություն, իրենց զինվորական գրքույկներում արտացոլվել է, որ իրենք մասնակցել են մարտական գործողություններին։ Նորիկյանը ընդգծեց, որ հանրությանը պետք է մատչելի տեղեկություններ տրամադրվեն, թե ինչպես և ովքեր կարող են դիմել իրենց զինվորական գրքույկներում տեղեկատվություն զետեղելու համար։
Զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում կատարելու վերաբերյալ արդեն իսկ մեկ դատական գործ է ուղարկվել Վարչական դատարան։ Զորացրված զինծառայողը դիմել է, որ իր զինգրքույկում նշում կատարվի մարտական գործողությունների մասին, բայց ընդհանրապես գրառում չի կատարվել. նշում է կատարվել միայն մարտական հերթապահության վերաբերյալ։ Մասնակցության վերաբերյալ բողոք է ուղարկվել ՊՆ վերադաս, որպեսզի տարածքային զինկոմիսարիատին համապատասխան ցուցում տրվի նշումը կատարելու վերաբերյալ։
Զինծառայողի պաշտպան Աշխեն Դաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ից պատասխանել են, որ չնայած զորամասը մասնակից է եղել մարտերին, պարզապես մի ստորաբաժանում իրականացրել է մարտական գործողություն, իսկ մեկ այլ ստորաբաժանում իրականացրել է մարտական հերթապահութուն։
«Եվ թեկուզ իմ պաշտպանյալը ընդգրկված է եղել այդ ստորաբաժանումներում, բայց քանի որ նա մարտական հերթապահություն է իրականացրել, պատերազմին մասնակից լինելու վերաբերյալ չի կարող գրառում կատարվել։ Այսինքն՝ իրենք ընդունում են, որ մարտերին մասնակցություն եղել է, բայց տարանջատում են, որ մի մասը հսկողություն է իրականացրել, մյուս մասը՝ մասնակցել։ Դատական պրոցեսի ժամանակ մենք համապատասխան փաստաթղթեր կներկայացնենք, որ իմ պաշտպանյալը ոչ միայն հերթապահություն է իրականացրել, այլև մասնակցել է գործողություններին։ Հիմա մենք դատական կարգով ենք ՊՆ-ից պահանջում, որ զինվորական կոմիսարին ցուցում տրվի այդ գրառումը կատարելու վերաբերյալ»,- ասաց Դաշյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է նման գործով դատարան դիմում, բայց այդ խնդրով ևս երկու հոգի դիմել են իրեն, բայց դեռ դատարան չեն դիմում։
