Եթե նախագահի պաշտոնը ձևական բնույթ կրեր, ապա այդ պաշտոնին ավելի քիչ ամբիցիոզ ու ավելի թույլ ֆիգուր կդնեին. Վիգեն Հակոբյան
Արմեն Սարգսյանի կերպարը չի ընկալվում որպես համակարգի անմիջական ծնունդ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա ընդգծեց, որ վերջին շրջանում Հանրապետականը կարևոր պաշտոնների նշանակում է մարդկանց, ովքեր «Հանրապետականի ծնունդ» չեն: «Սերժ Սարգսյանը և այն խումբը, որը փորձում է համակարգը նոր Սահմանադրության համապատասխան ձևավորել, փորձում են նշանակել կարևոր առանցքային պաշտոններում հերթական մարդու, որը ընդհանուր առմամբ չի ընկալվում որպես համակարգի անմիջական ծնունդ: Նույնը կարելի է ասել Կարեն Կարապետյանի մասին: Իսկ եթե մի քիչ ավելի պրագմատիկ մոտենանք, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որքանով էլ ինտերգրված է ՀՀԿ-ին, կուսակցության ուղղակի ֆունկցիոներ չէ և իր կարողություններով անմիջականորեն պարտական չէ համակարգին», - նշեց նա: Խոսելով հանրության շրջանում տարածված այն քննարկումների մասին, որ Արմեն Սարգսյանը նախագահ է լինելու ձևական «անգլիական թագուհու» կարգավիճակով, քաղտեխնոլոգը նկատեց, որ համաձայն չէ այդ պնդումների հետ: «Կարծում եմ՝ այդ կարգավիճակի մասին թյուր կարծիք կա, եթե այդպես լիներ, ապա այդ պաշտոնին ավելի քիչ ամբիցիոզ ու ավելի թույլ ֆիգուր կդնեին, դա զուտ թոշակառու պաշտոն կլիներ: Ես կարծում եմ՝ այստեղ կա համակարգում հակակշիռների ու փոխլրացումների մեխանզիմը հնարավորինս օգտագործելու նպատակ», - հավելեց նա:
