Կայացել է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության գլխավոր փորձը. Արմեն Սարգսյանին կուղեկցեն մոտոցիկլետներով news.am
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին, տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, ԱԺ հատուկ նիստում, որին ներկա է լինելու 1300 հոգի, այդ թվում հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, լրատվամիջոցների ղեկավարներ, իսկ լրագրողները տեղի ունեցող արարողությունը կարող են հետեւել միայն Ազգային ժողովից։
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված, որտեղ յուրքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն լուսանկարներ արարողության ողջ ընթացքից:
Արմեն Սարգսյանին Մարզահամերգային համալիր ուղեկցելու են մոտոցիկլետներով, դա արարողակարգի մի մասն է եւ բոլոր նախագահների երդմնակալության ժամանակ նման արարողակարգ իրականացվում է:
Նշեք, որ ապրիլի 8-ի երեկոյան Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության գլխավոր փորձը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ հատուկ նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կբացի նիստը, կստուգի քվորում կա, թե ոչ։ Հետո դահլիճ կբերեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը: ՀՀ նոր նախագահը կհրավիրվի ամբիոնի մոտ` երդման տեքստը ընթերցելու համար, որին կհաջորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը տալով ՀՀ նոր նախագահին։ Դրանից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին եւ դրանով նիստը կավարտվի։
Ինչպես բոլոր նախորդ նախագահները, Արմեն Սարգսյանը եւս երդվելիս ձեռքը կդնի Սահմանադրության եւ Վեհամոր Ավետարանի վրա։
Ըստ Սահմանադրության ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնում է ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Նույն օրը Կառավարությունը կներկայացնի ր հրաժարականը եւ ՀՀ նախագահն անհապաղ կընդունի այն։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը։ Այսինքն թե վարչապետը, թե նախարարները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կմնան պաշտոնակատարներ։
Լուսանկարը՝ Aysor.am-ի
