Այս թանկարժեք հայրենիքը դարձրե՛ք աշխարհի լավագույն երկրներից մեկը. ՀՀ նախագահը շրջայց կատարեց Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այսօր ուսումնական տարվա մեկնարկին հյուրընկալել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Կրթահամալիրի դպրոցներում այսօր նախագծային ուսուցման ստուգատեսն էր, որին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հետևեց նաև նախագահը:
Նրանք շրջեցին դպրոցներով, դպրոց-մանկապարտեզներով, քոլեջով, եղան Մայր դպրոցի նախագծային ուսուցման հարթակներում, ծանոթացան կրթահամալիրի մանկավարժական նորարարություններին:
Ի դեպ, դպրոցականների հետ զրույցում նախագահը խոստովանեց, որ ինքը վաղուց էր ծրագրել այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դեռևս 1989-ից սկսած, և այսօր այն իրականացրեց:
Արմեն Սարգսյանը աշակերտներին, ի դեպ, տեղեկացրեց, որ չնայած իր և Աշոտ Բլեյանի տարիքի տարբերությունն ընդամենը երկու տարի է, բայց ինքը հասցրել է Բլեյանին դաս տալ, ով աչքի էր ընկնում ոչ միայն որպես լավ ուսանող, այլ նաև լավ առաջնորդ, դեռևս այն ժամանակ շարժումներ ղեկավարելով:
«Այս դպրոցն իսկապես փայլուն օրինակ է, որ եթե ձեզանից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ-որ բանի, ունի ծրագիր իր մտքում, ունի տեսլական և պատրաստ է իր կյանքը, ժամանակը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու, ապա մեկ օր այդ տեսլականն իրականություն կդառնա: Այս դպրոցը մինիմումից մաքսիմում արդյունք է, դուք ապրում եք մի քաղաքում, որտեղ կա յուրօրինակ դպրոց»,-ասաց նա:
Նախագահը շրջայցից հետ համոզմունք հայտնեց, որ նրանք սովորում են մի դպրոցում, որտեղից դուրս են գալու ոչ միայն որպես լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ, այլ նաև լավ մարդիկ՝ բարի, նվիրված աշխարհին համահունչ և նվիրված հայրենիքին:
«Ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրի մեջ տեսնել ՀՀ նոր հանրապետության ստեղծագործ ուժեղ, նոր հայրենիքի պաշտպան, պաշտպանությունը միայն բանակում չէ, և պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնը աշխարհում: Այս թանկարժեք հայրենիքը դարձրե՛ք աշխարհի լավագույն երկրներից մեկը»,-ասաց նա:
Աշոտ Բլեյանը հիշեց, որ դպրոցը հիմնադրվել է արցախյան շարժման թոհուբոհին: «Այս պատանիները մի անգամ էլ ծնվեցին 2018թ-ի ապրիլին՝ Հանրապետության հրապարակում, մեր պատանիներն իրենց ծնողների հետ փոփոխությունների ալիք առաջացրեցին ՀՀ-ում, և մենք այս սրահում պայմանավորվել ենք, որ թույլ չենք տա այդ փոփոխությունների դինամիկան Հայաստանում, ալիքը բոլոր ուղղություններով մարի, և դրա համար մեկ հնարավորություն կա, որ ամեն մեկը դառնա այդ փոփոխությունների կրողը, իրական տարածողը և ՀՀ նախագահի այսօրվա այցը պարտավորությունն էին՝ դրան ուղղված»,-ասաց նա:
